«Սևան» ազգային պարկի բարեփոխումների ծրագրով 14 մլրդ դրամի 29 միջոցառում կիրականացվի «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ծրագրով 14 միլիարդ դրամ գնահատվող 29 միջոցառում է նախատեսվում: Այս մասին զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ՝ նվիրած «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը:
Մասնավորապես, միջոցառումներն ուղղված են լինելու «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային պահպանավայրի ստեղծմանը, ազգային պարկի կառավարման պլանի մշակմանը, ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրմանը, ջրի տակ մնացած շենք-շինությունների ապամոնտաժմանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանման գոտիները հատուկ նշաններով առանձնացնելուն, ցուցանակների տեղադրմանը, զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի կազմակերպմանը, դեպի հուշարձաններ ճանապարհների կառուցմանն ու հիմնանորոգմանը: Միջոցառումներ են ձեռնարկվելու նաև պատասխանատու արդյունագործական ձկնորսության, էկոլոգիապես մաքուր արտադրության, ջերմատնային տնտեսությունների կազմակերպման, ինտենսիվ այգիների հիմնման, Լճաշեն-Սևան հատվածը ներառող ծովափնյա ճեմուղու կառուցման և այլ ուղղություններով:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զեկուցվել է, որ այս տարվա ընթացքում ազգային պարկի տարածքում մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է երկու ներդրումային ծրագրի իրականացում:
Վարչապետը կարևորել է «Սևան» ազգային պարկի պահպանման ու կառավարման արդյունավետության բարձրացումը՝ միաժամանակ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև համայնքների մոտեցումները՝ վերջիններիս զարգացմանը չխոչընդոտելու նպատակով: Նա անհրաժեշտ է համարել ազգային պարկի տարածքի գոտիավորումը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացման համար հստակ չափանիշների սահմանումը, այդ թվում՝ կանաչ տարածքների պահպանման, ձևավորման և այլ ուղղություններով: