Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI)` օրերս հրապարակած զեկույցի համաձայն, 2013-2017 թվականներին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65 տոկոսը եղել է ռուսաստանյան: Երկրորդ տեղում Իսրայելն է․ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի ներմուծած զենքի 29 տոկոսը եկել է այդ երկրից: Երրորդ տեղում Թուրքիան է՝ 2.5 տոկոս չափաբաժնով:
Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այդ տարիներին 26 անգամ ավելի շատ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, քան Բաքվի ռազմավարական դաշնակից Թուրքիան:
Ըստ SIPRI-ի, 2013-2017 թվականներին Ադրբեջանը հանդիսացել է սպառազինություն ներմուծող աշխարհի 23-րդ խոշորագույն պետությունը: Բաքվին է բաժին հասել այդ տարիներին սպառազինության համաշխարհային ամբողջ ներմուծումների 1.3 տոկոսը: Նախորդ ժամանակահատվածի՝ 2008-2012 թվականների համեմատ, այս թիվը էականորեն՝ 55 տոկոսով աճել է․ 2008-2012 թվականներին սպառազինության համաշխարհային ամբողջ ներմուծումներում Ադրբեջանի չափաբաժինը 0.9 տոկոս էր:
Երևանում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությունը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Կոսաչովին հիշեցրին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անցած տարվա սեպտեմբերին արած հայտարարությունը, թե Միացյալ Նահանգների որոշումը Կիևին սպառազինություն մատակարարելու մասին չի նպաստում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորմանը։ Մինչդեռ, Կրեմլը տարիներ ի վեր սպառազինություն է մատակարարում Հայաստանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին:
Կոսաչովն արձագանքեց․ - «Ռուսաստանը կատարում է այն պայմանագրերը, որոնք կնքվել էին մինչև 2016 թվականի ապրիլը, և մենք պարտավոր ենք դա անել՝ համաձայն այդ պայմանագրերի դրույթների: Սակայն դա մի իրավիճակ էր, որը գոյություն ուներ մինչև այդ պահը, ու ինձ մոտ առկա տեղեկության համաձայն՝ նման ծավալներով այն չի շարունակվի: Անշուշտ, մենք արձագանքում ենք այն իրավիճակին, որը տեղ գտավ 2016 թվականի ապրիլին: Սա կասկածից վեր է»:
Մոտ երկու տարի առաջ, ապրիլյան պատերազմից ընդամենը երկու օր անց, Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Բաքվին մատակարարվող ռուսաստանյան զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ․ - «Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց: Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից»:
SIPRI-ի զեկույցում նշված է, որ, Ադրբեջանի հետ համեմատած, 2013-2017թվականներին Հայաստանը ավելի քիչ սպառազինություն է ներմուծել (թվեր ներկայացված չեն), ընդ որում՝ Երևանը ներմուծել է միայն Ռուսաստանից:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, շարունակելով սպառազինության մեծածավալ մատակարարումները Ադրբեջանին, Ռուսաստանը ձգտում է լուծել և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական խնդիրներ․ - «Ռուսաստանի պարագայում առկա են ֆինանսական նշանակալի խթաններ՝ շարունակելու Ադրբեջանին մատակարարել հարձակողական արդի սպառազինություն: Երկրորդ, ֆինանսական կողմից զատ, առկա է նաև հարցի քաղաքական կողմը: Խոսքը Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մասին է, որը նշանակում է, որ Մոսկվային ուղղված Հայաստանի բողոքն անարդյունավետ էր և անարդյունավետ կլինի: Ուստի, Հայաստանի ռազմական բարեփոխումները, Երևանի ռազմական կապերը Չինաստանի ու արևմտյան երկրների հետ շատ ավելի կարևոր են, քան նախկինում»: