Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
2018թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ:
Հանրային քննարկման բանախոսներն էին՝ ՄԱԿ-ի ժողովրդավարական և արդար միջազգային կարգին աջակցության հարցերով անկախ փորձագետ դոկտոր Ալֆրեդ դե Զայասը, Իրավունքի ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավագիտության դպրոցի դասախոս, Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի համահիմնադիր դոկտոր Փոլ Ուիլյամսը, Ռուսաստանի պետական համալսարանի դասախոս դոկտոր Սերգեյ Մարկեդոնովը, Արցախի Հանրապետության փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը և համադրող, Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի խորհրդի անդամ Կիրո Մանոյանը:
Պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասն իր իրավական փաստարկն սկսեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրի մեջբերմամբ, որը սահմանում է՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»:
Բացի այդ, միջազգային իրավունքի փորձագետ դե Զայասն ընդգծեց, որ համաձայն ՄԱԿ-ի երկու պայմանագրերի, «ինքնորոշման իրավունքի կրողներ են Դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, որոնց ոչ միայն արգելված է խոչընդոտել իրավունքի կիրառմանը, այլև պիտի ակտիվորեն «նպաստեն» դրա իրականացմանը.... Նրանք ոչ միայն պետք է հարգեն այդ իրավունքը, այլև իրականացնեն այն: Ավելին, ժամանակակից միջազգային իրավունքի մեջ ինքնորոշումը erga omnes [բոլորի նկատմամբ] պարտավորություն է, որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության բազմաթիվ հոդվածներում ու Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի անթիվ բանաձևերում: Ժողովուրդների լիազորությունը՝ օգտվելու մարդու իրավունքներից առանց խտրականության և իրականացնելու որոշակի աստիճանի ինքնիշխանություն, խիստ կարևոր է ազգային և միջազգային կայունության համար: Այլապես, մեծ է հակամարտության հավանականությունը»:
Հատկանշական է, որ պրոֆ. դե Զայասը շեշտեց՝ «Չնայած ինքնորոշումը ի հայտ է եկել որպես jus cogens [պարտադիր օրենք] իրավունք, որը գերակա է միջազգային իրավունքի այլ սկզբունքների նկատմամբ, ներառյալ տարածքային ամբողջականությունը, սակայն այն ինքնըստինքյան չի կիրառվում»: Պրոֆ. դե Զայասը «ինքնորոշման օրինական հավակնորդների» թվում նշեց քրդերին, սահարավիներին, պաղեստինցիներին, քաշմիրներին, Բիաֆրայի իգբոներին և Շրի Լանկայի թամիլներին: Նա որպես օրինակ նշեց նաև «Լուգանսկի և Դոնեցկի ռուս-ուկրաինական կազմավորումները, Պրիդնեստրոնիայի Հանրապետությունը (Մերձդնեստր-Մոլդովա), Արցախի Հանրապետությունը, Աբխազիան և Հարավային Օսիան... ժողովուրդներ, որոնք ինքնորոշման են հասել իրական անջատման միջոցով պետական միավորներից, որոնց հետ մինչ այդ կապված էին, սակայն նրանց միջազգային կարգավիճակը մնում է անորոշ՝ մեծ տերությունների միջև քաղաքական վեճերի և հետևաբար միջազգային ճանաչման բացակայության պատճառով»:
Պրոֆեսոր դե Զայասը հավելեց, որ ինքնորոշման ձգտող ժողովուրդները «մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի լիակատար պաշտպանության իրավունք ունեն: Փակուղուց կարելի է դուրս գալ միայն խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ ինքնորոշման դեմ զինված ուժի կիրառումը կարող է խախտել բազմաթիվ միջազգային պայմանագրեր, այդ թվում` ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Մարդու իրավունքների դաշնագրերը և Ժնևի Կարմիր խաչի համաձայնագրերը»:
Դե Զայասը պնդում է, որ «եթե անջատման անհետաձգելի պահանջ կա, ամենակարևորը՝ պետք է խուսափել ուժի կիրառումից, որը կվտանգի տեղական, տարածաշրջանային և միջազգային կայունությունը և ավելի կվատթարացնի մարդու այլ իրավունքներից օգտվելու իրավունքը»: Բացի այդ, «ինքնորոշման իրականացումը չի վերաբերում միայն շահագրգիռ պետության ներքին իրավասության շրջանակներին, այլ հանդիսանում է միջազգային հանրության օրինական մտահոգություն»:
Պրոֆեսոր դե Զայասը բացատրեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է միայն արտաքին հարձակման դեպքում. - «Սկզբունքը նախատեսված չէ ներքին կիրառման համար, քանի որ դա ինքնաբերաբար կվերացնի ինքնորոշման jus cogens [պարտադիր օրենք] իրավունքը։ Ինքնորոշման իրավունքի ամեն մի փորձ, որը հանգեցնում է անջատման, առաջացնում է նախորդ պետական միավորի տարածքային ամբողջականության փոփոխություն: Բազմաթիվ նման նախադեպեր կան»:
Պրոֆ. դե Զայասի կարծիքով, չպետք է խտրականություն լինի ինքնորոշման ձգտող ժողովուրդների միջև. - «Նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը և նախկին Հարավսլավիայի ժողովուրդների անջատումը կարևոր նախադեպեր են ստեղծում ինքնորոշման իրագործման համար: Այս նախադեպերը չեն կարող անտեսվել ժամանակակից ինքնորոշման ծագող վեճերի դեպքում: Հնարավոր չէ «այո» ասել Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի ինքնորոշմանը, այնուհետև «ոչ» ասել Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների ինքնորոշմանը: Այս բոլոր ժողովուրդները ունեն մարդու միևնույն իրավունքները և չպետք է խտրականության ենթարկվեն: Ինչպես հաջող հավակնորդների դեպքում, այս ժողովուրդները ևս միակողմանիորեն անկախություն են հռչակել: Ընդհանրապես որևէ արդարացում չկա նրանց մերժելու՝ ընտրողաբար կիրառելով ինքնորոշման իրավունքը և մակերեսային զանազանումներ անելով, որոնք անօրինական են կամ անարդար»։
Նրանց համար, որոնք զուգադրում են տարածքային ամբողջականության սկզբունքը ինքնորոշման սկզբունքի հետ, պրոֆ. դե Զայասը հակադարձեց. - «Տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնավոր արդարացում չէ ներքին հակամարտությունների հավերժացման համար, որը կարող է խորանալ և վերաճել քաղաքացիական պատերազմի, դրանով իսկ սպառնալով տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:
Վերջում, պրոֆ. դե Զայասը առաջարկեց, որ «21-րդ դարում կայուն ներքին և արտաքին խաղաղության ապահովման համար միջազգային հանրությունը պետք է արձագանքի վաղ ահազանգման նշաններին և ստեղծի հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներ: Ժողովուրդների միջև երկխոսությանն աջակցությունը և ժամանակին հանրաքվեի կազմակերպումը՝ ազգային և միջազգային հարաբերությունների խաղաղ զարգացման միջոցներն են։ Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը պետք է պարտադիր լինի, ոչ թե բացառություն։ Եզրափակելով, թույլ տվեք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հռչակել որպես ժողովրդավարության արտահայտություն, քանի որ իսկապես՝ ժողովրդավարությունը ինքնորոշման ձև է»։
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի