«Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելուն ուղղված ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած գործողությունների ծրագրի շուրջ այս պահին դեռևս կոնսենսուս չկա։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Ելք» խմբակցությունում քննարկում է տեղի ունեցել այդ թեմայով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես նախկինում ասել եմ, ճանապարհային քարտեզ է առաջարկել որոշակի, որը պետք է ուղղված լինի Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կանխելուն՝ մոտավորապես 14+4-օրանոց գործողությունների ծրագիր է, բայց այդ ծրագրի վերաբերյալ կոնկրետ մենք էս պահին որոշում չունենք։ Առաջարկներ են հնչել, կքննարկենք և որոշումները կկայացնենք», - ասաց Փաշինյանը։
Հարցին, թե դաշինքում ո՞չ բոլորն են տեսնում փողոց դուրս գալու անհրաժեշտություն, և ինչո՞ւ են քննարկումները երկարում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Այո՛, դաշինքում տարբեր տեսակետներ կան, և ես ասել եմ, որ դաշինքի համար նորություն չի մեր տեսակետները, մինչև էս պահը մենք էդ բոլոր տարբեր տեսակետները քննարկել ենք և եկել ենք ընդհանուր հայտարարի, հույս ունենք, որ էս անգամ էլ էդպես կլինի»։
Ճշտող հարցին, թե չի՞ բացառում, որ եթե կոնսենսուսով որոշում չկայացվի փողոց դուրս գալու վերաբերյալ, «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին գնա, օրինակ, Ազատության հրապարակ, Փաշինյանը պատասխանեց. - «Ես չեմ ասում՝ մենք, դուք, նրանք, ով, բայց սխեման հետևյալն է՝ այո՛, կարող է պարզվել, տեսականորեն անհնար չի և բացառված չի, որ կուսակցություններից մեկը կամ երկուսը որոշում կայացնեն, որ փողոցային պայքար է անհրաժեշտ և իրենք էդ ժամանակացույցով պետք է առաջ շարժվեն, կամ մյուսը՝ որոշվի, որ այդպես այդքան էլ նպատակահարմար չէ, իր հիմնավորմամբ, կամ հնարավոր է մի փուլային տարբերակ էլ լինի, որ մի մասը դաշինքի սկսում է պրոցեսը, մյուսներն հընթացս աջակցում են ինչ-որ ձևով և ավելի ուշ են, օրինակ, իրենց վերջնական դիրքորոշումն արտահայտում»։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ երբեք չեն թաքցրել, որ տարաձայնություններ միշտ եղել են և լինելու են դաշինքում, և հույս ունեն, որ էդ տարաձայնությունները լուծման ձևերը կգտնեն։
Հարցին, թե դրանք կարո՞ղ են դառնալ դաշինքի փլուզմանը տանող տարաձայնություններ, Փաշինյանը պատասխանեց. - «Ես չեմ ուզում նման հոռետեսական կանխատեսումներ անել և, բնականաբար, ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ էդպիսի սցենարներ չզարգանան։ Ես չեմ քննարկում դա, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել։ Այսինքն՝ երբ որ կարձանագրվի, որ չկա կոնսենսուս, էդ դեպքում քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումը կճշտեն էդ բացակա կոնսենսուսի նկատմամբ, և մենք միասին կքննարկենք, թե ինչ է դա նշանակում գործնականում»։
Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։
Հանրապետականները բազմիցս հայտարարել են, որ Սերժ Սարգսյանից զատ այդ պաշտոնում այլ անձի չեն տեսնում։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ «անընդունելի» է համարում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը։ «Ես ինձ չեմ պատկերացնում ուղղակի ձեռքերս ծալած հետևելիս, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերարտադրվում», - ասել է Փաշինյանը։
Սակայն ավելի վաղ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց է թողել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.