Մեյ․ Սկրիպալների թունավորման պատասխանատվությունը մեծ հավանականությամբ կրում է Ռուսաստանը

Միացյալ Թագավարություն - Վարչապետ Թերեզա Մեյը հայտարարությամբ է հանդես գալիս խորհրդարանում, Լոնդոն, 12-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից մեկ շաբաթ անց, երեկ երեկոյան Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ ասելով, թե թունավորման պատասխանատվությունը մեծ հավանականությամբ կրում է Ռուսաստանը:

Նա հայտնել է, որ Սկրիպալը և նրա դուստրը թունավորվել են նյարդային համակարգը կաթվածահար անող ռազմարդյունաբերական «Նովիչոկ» գերգաղտնի նյութով, որը մշակվել է դեռ նախկին Խորհրդային Միությունում:

Բրիտանիայի կառավարությունը Ռուսաստանի դեսպանին մինչև այսօրվա ավարտը ժամանակ է տվել՝ պարզաբանելու, թե ինչպես է քիմիական այդ նյութը հայտնվել Բրիտանիայի տարածքում: Այդ ժամկետի ավարտից հետո՝ մարտի 14-ից Բրիտանիան հնարավոր է պաշտոնապես հայտարարի պատասխան քայլերի մասին:

Թերեզա Մեյն ասել է, որ ռուսական արտադրության քիմիական նյութի՝ Բրիտանիայում հայտնվելու երկու տարբերակ կա. կա՛մ դա արվել է ուղղակի Ռուսաստանի պետության կողմից, կա՛մ Ռուսաստանը կորցրել է քիմիական նյութի վրա վերահսկողությունը:

«Եթե այս հարցերին արժանահավատ պատասխան չտրվի, մենք տեղի ունեցածը կգնահատենք որպես Ռուսաստանի պետության կողմից ուժի ապօրինի գործադրում Մեծ Բրիտանիայի նկատմամբ», - հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատասխանի Բրիտանիայի վերջնագրերին, մինչև Լոնդոնը չտրամադրի գործի նյութերն ու օգտագործված ենթադրյալ նյութը: Լավրովն ասել է, որ Մոսկվան այդ կապակցությամբ հարցում էր ուղարկել Լոնդոնին, որը, սակայն, մերժվել է: Նա նշել է, որ հարցումն ուղարկվել էր՝ հաշվի առնելով, որ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլիան Ռուսաստանի քաղաքացի է:

Լավրովը հերքել է Ռուսաստանի ներգրավվածությունը Սկրիպալների թունավորմանը: «Ռուսաստանին վերջնագրեր ներկայացնելու փոխարեն, Լոնդոնը պետք է իրականացնի Քիմիական զենքը արգելելու կոնվեցիայի իր պարտավորությունները», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, նշելով, որ պետք է հարցում ուղարկվեր այն երկիրը, որն ըստ կասկածների համարվում է քիմիական նյութի աղբյուրը:

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Բրիտանիայի խորհրդարանում Թերեզա Մեյի ելույթը «կրկեսային ներկայացում» է որակել: «Եզրակացությունը հստակ է․ սա ևս մեկ քաղաքական ինֆորմացիոն արշավ է՝ հիմնված սադրանքների վրա: Բրիտանիայի մեղադրանքները հեքիաթներ են», - ասել է Զախարովան:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկ այլ առանձին հայտարարությամբ, հերքելով Լոնդոնի մեղադրանքները, նաև ենթադրել է, որ դա այս ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը բոյկոտելու պատրվակ ստեղծելու նպատակ ունի: Ռուսաստանը արտգործնախարարություն է կանչել Մոսկվայում Միացյալ Թագավորության դեսպանին:

Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ 66-ամյա Սերգեյ Սկրիպալը և նրա 33-ամյա դուստր Յուլիան թունավորվել են մարտի 4-ին, Սոլսբերի ավանում: Մինչև հիմա նրանք գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է «կայուն ծանր»:

Դաշնակիցները աջակցություն են հայտնել Մեծ Բրիտանիային: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այդ միջադեպը մեծ մտահոգություն է առաջացրել Հյուսիսատլանտյան դաշինքում:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը զանգահարել է Թերեզա Մեյին և հայտնել իր համերաշխությունը Մեծ Բրիտանիային:

Դեռևս ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում գտնվելու ժամանակ, մինչ պաշտոնանկ արվելը, Ռեքս Թիլերսոնը Սկրիպալի և նրա դստեր թունավորումը «վրդովեցուցիչ գործողություն» է գնահատել: «Մենք լիովին վստահում ենք Բրիտանիայի հետաքննությանը և եզրակացությանը, որ հավանական է՝ Ռուսաստանն է պատասխանատու անցած շաբաթ Սոլսբերի ավանում պարալիտիկ նյութով կատարված հարձակման համար», - Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունից ժամեր անց ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

«Ուկրաինայից մինչև Սիրիա, իսկ հիմա՝ Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանը շարունակում է լինել աշխարհում անկայունության անպատասխանատու ուժը՝ գործելով այլ երկրների ինքնիշխանության և քաղաքացիների կյանքի հանդեպ բացահայտ քամահրանքով», - Աֆրիկայից Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին ասել է Ռեքս Թիլերսոնը իրեն ուղեկցող լրագրողներին: Նա նշել է, որ լուրջ հետևանքներ պետք է լինեն թե՛ պատվիրատուի, թե՛ կատարողի համար: Թիլերսոնը Մոսկվային զգուշացրել է, որ Ռուսաստանը կհանդիպի դաշնակիցների արձագանքին:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել Ռեքս Թիլերսոնին և պատրաստվում է նրա փոխարեն նշանակել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոյին: