«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ անձնական հաշվեհարդար է իրականացվում։
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ օգտատերերից մեկի հարցին, թե ինչպես է ստացվում, որ Արմեն Մարտիրոսյանը և Անդրիաս Ղուկասյանը մեղադրվելով միևնույն հոդվածներով, միևնույն արարքի համար, այսօր գտնվում են տարբեր կարգավիճակներում, «ի՞նչ չեք արել, կամ ի՞նչ եք արել, որ չի արել Անդրիասը, չեք կարծում, որ վերոգյալ փաստն ինքնին ձեր անձի շուրջ վստահության դեֆիցիտ է առաջացնում քաղաքացիների շրջանում», Մարտիրոսյանը պատասխանեց. - «Որոշ քաղաքացիների շրջանում կարող է առաջացնել, բայց Անդրիաս Ղուկասյանի մոտ նմանատիպ հարց չի առաջանում, կամ իր հարազատների, ընկերների, որովհետև գիտեն, թե ինչ պատճառով է, որ քրեական գործի շրջանակում, ի դեպ գործը դեռ չի փակվել և ես դեռ մեղադրյալ եմ, ես ընդամենը գրավով ազատ եմ արձակվել, իմ, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի դեպքում գրավը կիրառվեց Ղուկասյանի դեպքում մերժվեց, դա մի փոքր այլ պատմություն է, ես երևի այդ մասին չխոսեմ, դա իշխանությունների հետ բացարձակ կապ չունի, կամ մեր արածի, կամ չարածի հետ բացարձակ կապ չունի, այլ խնդիր է, ես մի փոքր փակագիծ այնուամենայնիվ բացեմ, այստեղ անձնական խնդիր կա»։
«Ազատության» հարցին, թե նրա նկատմամբ անձնական հաշվեհարդար է իրականացվում Մարտիրոսյանը պատասխանեց. - «Այո, այլ պատճառներ էլ կան, ես ուղղակի չեմ բարձրաձայնի»։
Ավելի քան մեկուկես տարի ազատազրկված Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է Սարի թաղի դեպքերի գործով: Մասնավորապես, այն բանի համար, որ 2016 թվականի հուլիսի 29-ին կազմակերպել է զանգվածային անկարգություններ, փորձել է միանալ Ոստիկանության Էրեբունու գնդի տարածքը զավթած «Սասնա ծռերին», զինվել և խմբի անդամների հետ շարունակել պահել պատանդներին։
Նկատենք, որ գործով տուժող է ճանաչվել 56 հոգի, որոնցից 50-ը, ըստ պաշպանական կողմի, ոստիկաններ են: