Վանաձորցի ատամնաբույժը չի ուզում ստանձնել նոր, անհասկանալի ֆինանսական պարտավորությունը

Ատամնաբույժի կաբինետ, արխիվ

Վանաձորում գործող ատամնաբուժական կլինիկաներից մեկի սեփականատեր, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը հաշվարկել է՝ էլեկտրոնային առողջապահական համակարգում գրանցվելու դեպքում իր ընդամենը 8 աշխատող ունեցող կլինիկան ամսական կունենա առնվազն 40 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ։

Լոռու մարզկենտրոնի ատամնաբուժական փոքր այս կլինիկայում ամսական 20-հազարական դրամ հաստատուն վճարից բացի հիվանդի յուրաքանչյուր այցի համար պետք է վճարեն 30 դրամ։ Ավելի մեծ բուժհաստատությունների համար այս գումարն ավելի մեծ կլինի։

Ատամնաբուժական ծառայություն կազմակերպող բժիշկը հրահանգ ստանալու առաջին իսկ օրից պնդում է, թե չի պատրաստվում ստանձնել իր համար գոնե առայժմ անհասկանալի այս ֆինանսական պարտավորությունը։ «Վճարում են ինչ-որ մի ծառայության դիմաց, ինչ-որ մի բանի դիմաց, հիմա մեզ ծառայություն չի մատուցվում, հակառակը՝ պարտավորվածություն է դրվում մեզ վրա, մենք ինչի՞ պետք է վճարենք դրա համար: Լուրջ թիվ է կազմում տարեկան, որը որ անպայման բերելու է սակագների բարձրացման», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ղուկասյանը:

Կառավարությունը լիցենզավորման կարգում փոփոխություններ է կատարել դեռևս անցած տարվա ամռանը, որոնցով բոլոր առողջապահական կազմակերպությունները, այդ թվում՝ դեղատները, գործունեության թույլտվություն ստանալու համար պետք է միանան «Արմեդ» կայքի էլեկտրոնային համակարգին և մուտքագրեն յուրաքանչյուր այցելուի պատմությունը՝ հիվանդությունից ու դեղորայքից մինչև բուժում։ Բժիշկների համար անհասկանալի է՝ նախ, ինչո՞ւ պետք է անժամկետ լիցենզիա ունեցող ընկերությունների համար հետադարձ ուժով խստացվեն գործունեության պայմանները։ Ընդ որում, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ կառավարության որոշումից ամիսներ անց են միայն տեղեկացել այդ մասին։ Անցած տարվա վերջին օրերին նամակ է ստացել, որ ընդամենը 10 օր հետո պարտավոր է միանալ էլեկտրոնային համակարգին։

«Ու դրանից հետո սկսվեց զանգերը՝ էդ «Արմեդ» ընկերությունից, չգիտեմ՝ դա ինչ ընկերություն է, ում է պատկանում դա, ինչ իրավունքներ ունի մեզ զանգելու, անհանգստացնելու, և այլն։ Ու ինձ մի քանի անգամ ասել են, որ «եթե չանեք էսօր կամ վաղը, ձեր լիցենզիան կկասեցվի»։ Կոնկրետ դա իմ մոտ մի ձևի հակազդեցություն էլ է առաջացնում, որ եթե մեկը քեզ սպառնում է, ուզում ես մի ինչ-որ ձևով էլ պատասխանես ու չգիտես՝ դիմացինդ ով է էդ ընկերությունը», - ասաց Ղուկասյանը:

Մինչդեռ ծրագրի պատասխանատուները պնդում են՝ այն դրական է և ներդրվել է համակարգը բարեփոխելու հնպատակով։ Անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի «Ըստ էության» թոք շոուի ժամանակ առողջապահության նախարարության էլեկտրոնային համակարգի ներդրման հանձնաժողովի համակարգող Վարդան Գևորգյանն ասաց. - «Այո, դա հեղափոխություն է, որը որ պետք է իրականացվի։ Իմ կարծիքով՝ մեր առջև դրված խնդիրը դրական է, բարելավում է և մեծ հեղափոխական խնդիր է։ Բնականաբար, կօգտվեն քաղաքացիները նրանից, որ իրենք կունենան մատչելի, 21-րդ դարին հարիր ծառայություններ, այսինքն՝ իրենց չի պարտադրվի իրենց թևի տակ տանել իրենց անկետան, գնալ իրենց պոլիկլինիկա, վերցնել իրենց փաստաթղթերը, մտնել բժշկական հաստատություններ»։

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը, այդուհանդերձ, համոզված է՝ սա ընդամենը նոր բիզնես է: «Առողջապահության նախարարությունը ընտրել է «Արմեդ»-ին, որը դրանից առաջ գոյություն չուներ, չկար տենց բան։ Այսինքն, ինչի՞ ընտրվեց էդ ընկերությունը՝ անհասկանալի է, որովհետև ինքը առաջ ինքը չի եղել, ոչ մի տեղ նույն գործը չի արել, ստեղծել են հատուկ դրա համար։ Այսինքն, ըստ երևույթին, ստեղծվում է մի հատ նոր բիզնես, որը ստեղծողների կարծիքով հետագայում մենաշնորհ է դա դառնալու, <....>, մի հատ լավ բիզնես է ստեղծվելու, որը հետագայում մարդիկ իրենց համար կվայելեն, էլի», - ասաց Պետրոսյանը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վարդան Գևորգյանը չհերքեց՝ համակարգը մեծ մուտքեր ապահովում է. անցած տարվա մայիսի 1-ից ամբողջ պետական պատվերի ծրագիրն արդեն ներառվել է էլեկտրոնային առողջապահական համակարգում, որն ամսական ապահովում է 5-5.5 միլիարդ դրամի մուտք: Բայց, ավելացրեց նա, համակարգը մեծ ծախսեր է պահանջում։ «Հաշվարկը արվել է՝ հաշվի առնելով հանրապետությունում գործող բժշկական հաստատությունների քանակը, հաստատություններում բժիշկների քանակը, ովքեր մուտք պետք է գործեն համակարգ, և էդ համակարգի ծանրաբեռնվածությունը որքան կլինի, <...> որքան գումար է անհրաժեշտ, և ըստ դրա՝ բաշխվելու է ըստ բժշկական հաստատությունների», - ասաց Գևորգյանը:

Վանաձորցի բժիշկ Անդրեյ Ղուկասյանը թերահավատ է, թե, ըստ իրեն, բավականին թերություններով ներդրված ծրագիրը օգուտ կբերի առողջապահական համակարգին։ «Ծրագրի էդ գաղափարը ինչ-որ տեղ կարող է նույնիսկ լավ է կամ դրական է, բայց էնքան էդ համակարգը բացթողումներ ունի։ Ոնց որ միշտ, ասենք, ինչ-որ որոշում է ընդունվում, հետո մտածում են՝ էդ որոշման, ոնց աշխատեցնեն, ոնց անեն, որ էդ բացերը փակեն», - ընդգծեց ատամնաբուժական կլինիկայի սեփականատերը: