Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունն առաջարկում է Երևանում տեղադրել 2008 թվականի Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։
Ընդդիմադիր խմբակցության նախագիծն արդեն քննարկվել է քաղաքապեետարանի մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ու ընդգրկվել ավագանու մարտի 19-ի նիստի օրակարգում։
Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով, 10 տարի առաջ` նախագահական ընտրություններից հետո մայրաքաղաքի փողոցներում ճնշվեց ժողովրդի արդար ցասումը, և հուշարձանի տեղադրումը «պատասխան է բռնության և անպատժելիության դեմ»․ - «Տարիներ շարունակ այդ մտահղացումը ես ունեցել եմ, բայց հիմա, լինելով Երևանի իշխանության ներկայացուցիչ, ես պարտավոր էի դա իրականություն դարձնել և նման նախաձեռնությամբ հանդես եկա: Եթե մենք կարողացել ենք առաջին բոլշևիկին հեռացնել մեր հրապարակից, ապա մենք պետք է նաև դատապարտող հուշարձան ունենանք, որը դատապարտում է այս 25-ամյա բռնակալությունը»:
Ըստ Փոստանջյանի, Մարտի 1-ի զոհերի հիշատակը հուշարձանով հավերժացնելու գաղափարը արդեն իսկ երկու բևեռի է բաժանել ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ելքը»: Իսկ մեծամասնության կազմող Հանրապետականի անդամները միաձայն դեմ են քվեարկել դեռ հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նրա խոսքով, Տարոն Մարգարյանի թիմակիցները կոչ են անում հետընտրական արյունալի իրադարձությունները խորհրդանշող հուշարձանը փոխարինել դրական հույզեր առաջացնող հրեշտակների կերպարներով․ - «Այստեղ հասկանալի է, որ Երևանի ավագանին շատ հեռու է քաղաքական մարմին լինելուց, քաղաքացի դաստիարակելուց, այդ գործառույթների ներքո գործելուց»:
Հուշարձան տեղադրելու գաղափարին դեմ է քվեարկել նաև ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Սմբատ Լպուտյանը՝ փաստարկելով, թե երբ արվել է առաջարկը, ինքը սկսել է փնտրել գլխավոր հարցերի պատասխաններն ու չի հասկացել, թե ինչ խորհուրդ է պարունակելու այդ հուշարձանը․ - «Մեր սխալներից ինչ-որ մի ընթացք է: Սխալները լինում են շատ կյանքում․․․ և ամեն մի այդպիսի իրավիճակ եթե փորձենք հուշարձան դարձնել․․․ Ինչ խոսք, շատ լավ է, եթե պատմությունը կարողանում ես վերլուծել, բայց դրանով ինչ ասել ապագայի երեխաներին, ես չէի տեսնում: Գաղափարը չեմ տեսնում»:
Լպուտյանի փոխանցմամբ, հանձնաժողովի նիստի ժամանակ «Երկիր Ծիրանին» ներկայացրել իր առաջարկի հիմնավորումները, սակայն դրանք բավարար համոզիչ չեն եղել, որպեսզի իրենք կողմ արտահայտվեին: Նա ասաց, որ նախագծին դեմ է քվեարկելու նաև ավագանու առաջիկա նիստի ժամանակ։
Հանրապետական խմբակցության անդամից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչու՞ են հանձնաժողովի մյուս 10 ՀՀԿ-ական անդամները դեմ արտահայտվել․ արդյո՞ք պատճառը այն է, որ նախագիծը ընդդիմադիր «Երկիր Ծիրանին» է ներկայացրել, թե՞ հարցը քաղաքական հարթության վրա է։
«Ամեն մարդ ունի իր կարծիքը․․․ Ես իրականում չեմ տեսնում այդ հուշարձանի օգտակար լինելը մեր ապագային», - պատասխանեց Լպուտյանը:
Հանրապետական խմբակցությանից մշակույթի հարցերի հանձնաժողովի անդամներ Արա Երնջակյանն ու Հովիկ Մուսայելյանը չցանկացան խոսել այս թեմայից՝ պատճառաբանելով զբաղվածությունը։
Իսկ Ժողովրդական արտիստի Մարտին Վարդազարյանն ասաց, թե երբ կավարտվի Մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը, այն ժամանակ հնարավոր կլինի որոշում կայացնել։
«Ազատությունը» զրուցեց նաև «Ելք» խմբակցության ներայացուցիչ Անահիտ Բախշյանի հետ։ Նրա խոսքով, թեև հանձնաժողովի կազմում ընդգրկված իրենց 4 անդամները կողմ են արտահայտվել գաղափարին, սակայն վերջնական որոշումը կներկայացնեն ավելի ուշ․ - «Գաղափարը ընդունելի է, բայց վաղը մենք կունենանք խմբակցության նիստ, այդ նիստում [հարցը] կքննարկվի բոլոր տեսակետներից, և դրա մասին արդեն կհայտարարենք»:
«Երկիր Ծիրանին» առաջարկում է հուշարձանը տեղադրել Մյասնիկյանի արձանի հետամասում գտնվող պուրակում, որն այժմ բարեկարգվում է: Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ, իրենք մտածել են նաև ծախսերի մասին․ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը քաղաքային բյուջեի վրա 0 դրամ կարժենա, թե՛ դրա նախագծումը, թե՛ տեղադրումը կիրականացվի դրամահավաք կազմակերպելու միջոցով: