Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջարկեց Հրայր Թովմասյանի թեկնածությունը

Հրայր Թովմասյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։

«Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,- ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, հայտարարել է Բաբլոյանը:

Նշենք, որ այսօր Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն ստորագրեց։

Մարտի 5-ին Գագիկ Հարությունյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

Իսկ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը փետրվարի 16-ին հրաժարվեց խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նույն օրը Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջարկեց Թովմասյանի թեկնածությունը։ Մարտի 2-ին Ազգային ժողովը ձայների 64 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ նրան ընտրեց Սահմանադրական դատարանի անդամ: