«Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանն է թունավորել Սկրիպալին»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում հայտարարում է Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման ռուսական հետքի մասին, Լոնդոն, 12 մարտի, 2018թ․

Լոնդոնը Ռուսաստանի դեսպանից մինչև մարտի 13-ը պարզաբանում է պահանջում։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր խորհրդարանում հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որի համաձայն, «շատ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանն է կազմակերպել նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորումը»։

66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը թունավորել են Լոնդոնից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սալսբուրի ավանում։

Կրեմլը հերքում է նախկին լրտեսի թունավորման հետ առնչություն ունենալու մեղադրանքը։

Բրիտանացի քննիչների կարծիքով, Սկրիպալներին թունավորել են «Նովիչոկ» տեսակի պարալիտիկ նյութով, որը «սառը պատերազմի» տարիներին Խորհրդային Միությունում ստեղծել են բանակի համար։

Մեյն ասել է, որ Լոնդոնը Ռուսաստանի դեսպանից պահանջել է մինչև մարտի 13-ը հստակ պարզաբանում տալ առ այն, թե ինչ ճանապարհով բանակի համար ստեղծված թունավոր նյութը կարող էր բերվել Բրիտանիա և օգտագործվել Սկրիպալին թունավորելու համար։

«Եթե այս հարցին արժանահավատ պատասխան չտրվի, մենք տեղի ունեցածը կգնահատենք իբրև Ռուսաստանի պետության կողմից ուժի ապօրինի գործադրում Մեծ Բրիտանիայի նկատմամբ»,- հայտարարել է վարչապետը և հավելել․- «Մենք չենք հանդուրժի մեր հողի վրա անմեղ մարդու սպանելու փորձ»։

Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսն ասել է, որ այդ հարցում Միացյալ Նահանգներն անվերապահորեն կանգնած է մերձավոր դաշնակից Բրիտանիայի կողքին։

«Խիստ թունավոր և մահաբեր նյութի օգտագործումը վրդովեցուցիչ է, դա անխոհեմ, անհարգալից և անպատասխանատու հարձակում է, որը մենք խստորեն դատապարտում ենք»,- ասել Սանդերսը։

Հայր և դուստր Սկրիպալները, ինչպես նաև նրանց օգնության հասած բրիտանական ոստիկանության սպան այժմ հիվանդանոցում ծանր վիճակում են։