Մարտի 8-ի առթիվ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Լավ երեկո» հաղորդաշարի՝ կանանց գաղութում նկարահանված ռեպորտաժը լայնորեն քննադատվել է իրավապաշտպանների կողմից, ովքեր պնդում են, որ ռեպորտաժում խոցելի խմբի կանայք ծաղրի են ենթարկվել։
«Քննարկում ենք, թե ինչպես արտահայտենք մեր բողոքը․․․ թե առանց այդ էլ խոցելի մարդիկ․․․ ծաղրի առարկա չդարձվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, մի շարք խնդիրներ կան, որոնց վերաբերյալ պատասխանները պետք է տա Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը․ - «Այդ կանայք արդո՞ք տեղյակ էին, թե ինչպես պետք է մոնտաժվի իրենց խոսքը և ինչպես պետք է համադրվի այդ քրքիջների, ծիծաղների հետ: Երկրորդը, արդյո՞ք այդ կանայք հնարավորություն ունեցել են ընտրելու՝ պատասխանել թե ոչ: Թե՞ ադմինիստրացիան ինքն է կանանց կոնկրետ թիրախավոված ասել՝ այ, դու կգնաս, կպատասխանես լրագրողի հարցերին»:
Ռեպորտաժում լրագրողը հարցազրույցներ է իրականացնում 7 տարբեր կալանավորված կանանց հետ՝ նրանց հարցեր ուղղելով․ օրինակ, ի՞նչ հագուստ պետք է կրել մարտի 8-ին, կա՞ արդյոք սեր առաջին հայացքից, ո՞րն է տղամարդու իդեալը, կա՞ն արդյոք կալանավայրում հմայիչ բանտապահներ և այլն։ Կանայց պատասխանները կադրում ուղեկցվում են բարձր ծիծաղով։
Բացի այդ, տասնյակ լրագողների մուտքը բանտեր գրեթե արգելված է՝ հաշվի առնելով, որ մեկ նկարահանման թույլտվություն ստանալու համար լրագողները քանի անգամ եմ դիմում, որքան են սպասում և վերջում հաճախ որևէ պատճառով մերժում ստանում։
«Հետաքննող լրագրողների մուտքն արգելված է, շոուներ նկարահանողներինը՝ ոչ», - արձանագրում է «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը, ով արդեն մեկ տարի է սպասում է թույլտվության նկարահանումներ անելու «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատողական հիմնարկում:
«Շուրջ մեկ տարի է, դիմում եմ Քրեակատարողական վարչությանը, մասնավորապես՝ պետին: Դիմել եմ նաև Արդարադատության նախարարին՝ խնդրելով թույլտվություն, որպեսզի կարողանամ նկարահանում իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Նեկ տարի պարբերաբար ստանում եմ մերժում․ ծանրաբեռնված ենք․․․»
Ոչ միայն «Հետք»-ին, այլև «Հրապարակ» օրաթերթին է քրեակատողական վարչությունը նույն «աշխատանքային ծանաբեռնավածության» պատճառաբանությամբ մերժել և թույլ չի տվել նկարահանում անել «Նուբարաշեն» բանտում, մասնավորապես՝ ծանոթանալ գրադարանի, ճաշարանի և խցերի պայմաններին։
«Մենք դիմում ենք որևէ կալանավայր որևէ դատապարտյալի այցելելու համար: Եվ գիտեք ինչ ցինիկ պատասխան ենք ստանում․ որ «զբաղվածության պատճառով չենք կարող թույլ տալ ձեր լրագրողին, որ մտնի կալանավայր», - «Ազատության» հետ զրույցում ասաց օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
Այս մերժումից հետո Օհանյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին և ստացել պատասխան՝ մանրամասն իրավական վերլուծությամբ, որի վերջում օմբուդսմենը եզրահանգել էր․ - «Քրեակատարողական հիմնարկի մերժումն անօրինական է»:
Անգամ օմբուդսմենի որոշումից հետո դեռ հայտնի չեն դեպքեր, որ խնդիրների մասին բարձրաձայնել պատրաստ լրագրողներին հեշտությամբ թույլ են տվել նկարահանում անել բանտերում, ինչպես «Լավ երեկոյի» լրագրողին։
«Ազատությունը» դեռևս չի ստացել քրեակատարողական վարչությանն ուղղած իր գրավոր հարցման պատասխանը։