Հայաստանյան լրատվամիջոցների մի շարք խմբագիրներ ու խոսքի ազատության հարցերով զբաղվող իրավապաշտպաններ պատրաստվում են առաջիկա օրերին քննարկել պետական կառույցներում լրագրողների գործունեության սահմանափակումների դեմ հնարավոր հակաքայլերը:
«Լրատվամիջոցների համար փակ աշխատող նախագահը որոշել է նույն կերպ փակ աշխատել նաև որպես վարչապետ», - այսօր կազմակերպված քննարկմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա կարծիքով հենց դա է պատճառը, որ Կառավարությունը հավանության արժանացրեց նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ օրինագիծը․ ֊ «Քաղաքական վերնախավում ընդունվել է քաղաքական որոշում, որ այսուհետ իշխանական ատյանները փակ են աշխատելու լրագրողների համար և հանրության համար»:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով՝ ամեն տարի լրատվամիջոցների գործունեության սահմանափակումները ավելի են խստանում: Ըստ Օհանյանի՝ տրամաբանական է, երբ լրատվամիջոցների համար երկրի առաջին դեմքի ոչ բաց գործելու օրինակին հետևում են նաև այլ կառույցներ, ինչպես օրինակ Երևանի քաղաքապետարանը, որտեղ առաջիկայում հնարավոր է լրագրողների գործունեության նոր արգելքներ մտցվեն: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կողմից քաղաքապետ Տարոն Մարգարյանին կոյուղաջուր «նվիրելուն» հաջորդած ծեծկռտուքից հետո Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել էր «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների աշխատանքը: Դրանից հետո Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել, ինչը մի շարք կազմակերպություններ գնահատում են, որպես խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ:
«Այստեղ կա հստակ ծրագրված քաղաքականություն, և այդ քաղաքականությունը գալիս է երկրի առաջին դեմքից», - մեկնաբանեց Օհանյանը: - «Եթե վարչապետի հայտ ներկայացնող Սերժ Սարգսյանը որոշել է, որ իր մուտքը Կառավարություն պետք է սկսվի նիստերը փակելով, դա նշանակում է, որ քաղաքապետը ընդամենը ենթարկվում է այդ հրահանգին: Այդ հրահանգը շղթայաբար իջնում է դեպի ամենացածի օղակները»:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի դիտարկմամբ, եթե նախկինում լրագրողների գործունեության հիմնական արգելքը նրանց դեմ բռնի ուժի կիրառումն էր ու դատական հայցերով ճնշումը, ապա հիմա իշխանությունը սահմանափակում է խոսքի ազատությունը օրենքների ու որոշումների միջոցով: - «Հիմա ընդամենը մեթոդն է փոխվել և բիրտ ուժին եկել է փոխարինելու փափուկ, այսպես ասած՝ քաղաքակիրթ, ժողովրդավար ճանապարհը, որը ավելի վտանգավոր է, որովհետև երբ ինչ֊որ մեկը ծեծվում է դա մեծ աղմուկ է առաջացնում, մյուսների մեջ մասնագիտական համերաշխություն, ընդվզում է առաջացնում, իսկ այս ճանապարհով շատերը նույնիսկ շնորհակալ են այդ փոփոխությունների համար», - նշեց Հակոբյանը:
Վերջին տարիներին ընդունվել են պետական կառույցների, հատկապես երկրի առաջին դեմքերի գործունեության լուսաբանումն ու տեղեկատվության տրամադրումը սահմանափակող մի քանի օրինագծեր, հիշեցրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, ընդգծելով՝ լրագրողների դեմ դռների փակումը հանգեցնում է նաև լրատվության որակի նկատելի անկման․ - «Եթե պետք է ստույգ փաստերը հավաքելու դեմ դռները փակեն, բնականաբար ուրիշ բան չի մնում լրագրողներին, քան հավաքել այն, ինչ հնարավոր է հավաքել»:
Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ լրագրողական համայնքը, անկախ ներքին տարաձայնություններից, պետք է միասնաբար հանդես գա սպասվող սահմանափակումների դեմ և որոշեցին առաջիկայում քննարկել հնարավոր քայլերը՝ չբացառելով ակտիվ պայքարի միջոցները: