Թուրքիայի հետ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնագիրը կսկսի կյանքի կոչվել 2020 թվականի սկզբից: Այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը:
«Թուրքական կողմը ցանկանում էր արագացնել համաձայնագրի կատարումը, և մենք կարողացանք օպտիմալ տարբերակ գտնել և արագացնել մեր պարտավորությունների կյանքի կոչումը», - նշել է Կոժինը՝ հատուկ ընդգծելով, որ Մոսկվայում երախտապարտ են թուրքական կողմին:
«Չնայած Անկարայի դեմ գործադրված ճնշումներին, պայմանագիրը կնքվել է և այն կատարվում է», - նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը:
Անցած տարեվերջին Մոսկվան և Անկարան ավարտեցին ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ստորագրվեց 2 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր: Ըստ համաձայնագրի, Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է C-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում: