Բրիտանիան քննարկում է Ռուսաստանի դեմ հակաքայլերը, եթե հետախույզի թունավորման հետ կապն ապացուցվի

Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը, արխիվ

Բրիտանացի պաշտոնյաները բանակցություններ են վարում ԱՄՆ֊ի և եվրոպական դաշնակիցների հետ՝ Ռուսաստանի դեմ համակարգված հակաքայլեր ձեռնարկելու շուրջ, եթե պարզվի, որ Բրիտանիայում բնակվող ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետևում կանգնած է պաշտոնական Մոսկվան։ Այս մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, The Times֊ը գրում է, որ հակաքայլերի շարքում քննարկվում է Ռուսաստանում այս ամառ անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելուց մինչև Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ֊ի անդամ երկրներում զորքերի քանակի ավելացումը։ ֊ «Քննարկվում են բազմազան տարբերակներ», ֊ թերթի հետ զրույցում ասել է բրիտանացի մի պաշտոնյա։

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռուդը նախօրեին հայտարարել է, որ առայժմ «չափազանց վաղ է» եզրակացություններ անել այն մասին, թե ով է կանգնած մահափորձի հետևում, իսկ արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ասել է, որ Բրիտանիան կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Մոսկվայի մեղավորությունն ապացուցվի։

Պաշտոնական Կրեմլը հերքում է մեղադրանքները։

Մինչ այդ, նախկին հետախույզի դեմ մահափորձի գործով հետաքննությունը շարունակվում է, իսկ Սերգեյ Սկրիպալի ու նրա դուստեր՝ Յուլիայի վիճակը մնում է «կայուն ծանր»։