Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բեռլինում գտնվող Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին` որպես մրցաշարի պատվավոր հյուրի, այսօր պատիվ է վերապահվել կատարելու մրցաշարի առաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը, որից հետո աշխարհահռչակ ութ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը: Այս մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Բեռլինյան մրցաշարին, հիշեցնենք, մասնակցում են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017 թվականի ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):
Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ` նոյեմբերի 9-ից 28-ը, Լոնդոնում: