Շաբաթ օրը Երևանի Ազատության հրապարակում իր անդրանիկ հանրահավաքը անցկացրեց «Հանուն Հայաստան պետության» ճակատը:
Այս շարժումը կամ նախաձեռնությունը հավակնում է դառնալ հենց այն պլատֆորմը, որը, ինչպես իրենք են ասում, կպայքարի իշխանափոխության համար: Ճակատը պատրաստվում է իր շուրջը համախմբել տարբեր քաղաքական կուսակցությունների, անհատների:
Այսօր առաջին հանրահավաքի ժամանակ եղան տարբեր ելույթներ, հրապարակվեցին ճակատի հիմնական ծրագրային դրույթները: Շարժումը առաջին քայլով պատրաստվում է ստեղծել «ժամանակավոր կառավարություն», ինչպես բանախոսները նշեցին, այդ ընթացքում համաներում հայտարարել և ազատ արձակել «քաղբանտարկյալներին», հետագայում «Սահմանադիր ժողովի» կողմից հաստատել «Սահմանադրություն» և անցկացնել նոր ընտրություններ:
Այս պահին «Հանուն Հայաստան պետության» ճակատում առավել հայտնի քաղաքական ուժերից ընդգրկված է «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգության» նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ելույթ ունեցավ, ասաց, որ շարժումը, ըստ էության, ապակուսակցական է, ու պետք է միավորել բոլոր ջանքերը՝ թույլ չտալու Հանրապետական կուսակցության վերարտադրությունը կամ Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Մարտիրոսյանի խոսքով՝ եթե ապրիլի 9-ից հետո հանրապետականները որոշեն, որ Սերժ Սարգսյանը պետք է որպես վարչապետ շարունակի պաշտոնավարել, ապա հետագա տարիներին Հայաստանից կրկին մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ կարտագաղթեն, և հենց դա է, որ իրենք պետք է թույլ չտան:
Ազատության հրապարակը, ինչպես նաև հանրահավաքի կազմակերպիչները բնորոշեցին, բավական մարդաշատ էր, ինչը, նրանց հավաստմամբ, իրենց համար էլ անսպասելի էր:
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 16-ին, այդ օրը նաև որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի մահվան տարելիցն է:
Նաև հայտարարվեց, որ ապրիլի 9-ից, երբ ավարտվում են Սերժ Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում, և յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, 7 օր պարբերաբար հանրահավաքներ կանցկացվեն:
Այսօրվա հանրահավաքին ներկա էին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, մի շարք իրավապաշտպաններ:
Իրավաաշտպան Արթուր Սաքունցը ելույթ ունեցավ՝ խոսելով Հայաստանում «քաղբանտարկյալներից» և մասնավորապես նշելով Շանթ Հարությունյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Անդրիաս Ղուկասյանի անունները: Նա հայտարարեց, որ անընդունելի է այս դարում ունենալ նման վճիռներով բանտարկյալներ: