ՆԱՏՕ-ն արձանագրել է չորս երկրի՝ այդ թվում Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության ձգտումները

ՆԱՏՕ-ն արձանագրել է, որ այս պահին չորս երկիր՝ Վրաստանը, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան ու Մակեդոնիան հայտարարել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու իրենց ձգտումների մասին:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Ազատություն» ռադիոկայանին Բրյուսելում տված հարցազրույցում ասել է, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կնպաստի դաշինքի կայունությանը ամբողջ Եվրոպայում: Մարգվելաշվիլին երեկ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու երկիր ճանաչվելու հայտարարությունը, ասել է, որ հաջորդ քայլը պետք է լինի Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը դաշինքին:

Թեկնածու երկրներ են համարվում այն պետությունները, որոնք հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց ցանկության մասին: Նման կարգավիճակը ՆԱՏՕ-ի վրա ոչ մի պարտավորություն չի դնում: ՆԱՏՕ-ին միանալու հաջորդ քայլը Անդամակցության գործողությունների պլանն է (MAP), որն ունեն նշված երկրներից երկուսը՝ Բոսնիա և Հերցեգովինան ու Մակեդոնիան: