ՄԱԿ-ի ծրագրով Շիրակի կրթօջախների շուրջ 14 հազար երեխաներ սնունդ կստանան

Շիրակի մարզի դպրոցներից մեկում, արխիվ

ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի դպրոցների տարրական դասարանների ու նախակրթարանների շուրջ 14 հազար երեխաներ սնունդ կստանան:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը արդեն 18 տարի է Հայաստանի դպրոցներին սնունդ է տրամադրում, որի համար շուրջ 25 միլիոն դոլար է ծախսել: Եթե նախկինում կազմակերպությունը սնունդն էր տրամադրում, ապա հիմա գումար կհատկացնի դպրոցներին: Ծրագիրն արդեն իրականացվում է չորս մարզերում, հերթը Շիրակի, հետո նաև՝ Արագածոտնի մարզերինն է:

Միայն Շիրակի մարզին ՄԱԿ-ը կտրամադրի 7.5 միլիոն դոլար, ասաց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Ջանկարլո Ստոպոնին՝ հավելելով, որ ծրագիրը հնարավորության կտա նաև դպրոցների խոհանոցներում աշխատատեղեր բացել, իսկ դպրոցներին՝ գնել տեղական արտադրանք, դրանով միանգամից լուծելով երկու հարց:

Ի դեպ, ՄԱԿ-ի այս ծրագիրը Ռուսաստանն է ֆինանսավորում: Ռուսաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Աննա Վոլկովան ասաց, թե Հայաստանի օրինակը կիրառում են ասիական երկու երկրներում:

«Ծրագիրն աննախադեպ է, քանի որ այն թույլ է տալիս ոչ միայն սննդով ապահովել դպրոցների աշակերտներին, այլ նաև ունի գլոբալ հումանիտար բնութագիր: Խնդիր է դրված ոչ միայն վերազինել դպրոցները, ապահովել երեխաներին դպրոցական սննդով, այլ այս ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում տեղական արտադրության արտադրանքներ թողարկել: Այսինքն՝ ծրագիրը համալիր է և այն օգնելու է տեղական իշխանություններին ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր», - հայտարարեց Վոլկովան:

Թե յուրաքանչյուր երեխայի համար որքան գումար է նախատեսվում և արդյոք պահանջվում է նաև ծնողների ներդրումը, «Ազատություն»-ը հետաքրքրվեց հենց դպրոցների տնօրեններից, ովքեր մասնակցում էին քննարկմանը:

Ըստ Գյումրիի թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանի՝ մեկ աշակերտի համար տրամադրվում է օրական 120 դրամ, ինչը բավարար է: Ծնողների ներդրում, նրա խոսքով, «իրականում կա, որովհետև ՄԱԿ-ի Պարենի ծրագրի պահանջներից մեկը նաև ծնողական ներդրումը, համայնքային ներդրումը ապահովելն է»: «Դա ինքը կապահովի ծրագրի գաղափարի ամբողջականությունը, որ ծնողը ինքը զգա, որ, ճիշտ է, էդ ընդհանուր գումարի մեջ որ նայում ես, ներդրումը շատ չնչին է, բայց ամեն դեպքում ներդրում է, և ծնողը, որպես կանոն, իր ներդրածի հետևից հետևողական է և ինքը ավելի կարևորում է այդ ծրագիրը», - նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ «ծնողների մոտավորապես 60 տոկոսն են մասնակցում, դա կամավորականության սկզբունքով է»:

«Մենք Գնումների գործակալության նշված ուղիով գնում ենք, հայտարարում ենք մրցույթ, որ կազմակերպությունը որ այդ մրցույթում հաղթում է՝ ինքը սնունդը բերում է, հետո այդ կազմակերպությանը մենք փոխանցում ենք գումարը՝ ըստ բերված սննդի», - մանրամասնեց Գյումրիի թիվ 7 դպրոցի տնօրենը:

Դպրոցում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության այս ծրագրով լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվել, ասաց Գագիկ Կարապետյանը․ - «Ամենակարևորը՝ 8 աշխատատեղ է ստեղծվել, որոնք մեր ծնողական հասարակությանն են տրվել, որոնք ունեն աշխատանքի խնդիր»:

Շիրակի մարզում այս ծրագիրը մինչև սեպտեմբեր կֆինանսավորի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը, հետագայում գումարը պետք է տրամադրի կառավարությունը: