Տարիներ առաջ «Լինսի» հիմնադրամի միջոցներով մայրաքաղաքային թատրոնների մեծ մասը հիմնանորոգվեց, մարզային թատրոնների մի մասն էլ, մասնագետների համոզմամբ, հրատապ հիմնանորոգման կարիք ունի:
Անցյալ տարի Գավառի Պետական դրամատիկական թատրոնը հիմնանորոգվեց, վերանորոգվում է Արտաշատի թատրոնը, որը շուտով կբացի դռները հանդիսատեսի առաջ, դե իսկ Արցախի Պետական դրամատիկական թատրոնն էլ ահա կվերանորոգվի ոչ միայն պետբյուջեի, այլև մի յուրօրինակ ակցիայի շնորհիվ, որն առաջին անգամ է կազմակերպվում: Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թե՛ մայրաքաղաքային, թե՛ մարզային թատրոնները, նվագախմբերը, համերգային խմբերը առաջիկա ամսվա ընթացքում կիրականացնեն մի ծրագիր, որ կոչվում է «Արցախ, ի՛մ սեր․ աջակցենք Ստեփանակերտի թատրոնին»։ Թատերահամերգային վերոնշյալ կազմակերպությունները մեկական ներկայացմամբ կամ համերգով կմասնակցեն այս ծրագրին՝ այդ օրվա հասույթը տրամադրելով Ստեփանակերտի Դրամատիկական թատրոնի հիմնանորոգմանը:
Այս ծրագրի շրջանակում առաջինը հանդես եկավ Երևանի Խամաճիկների թատրոնը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր՝ Աննա Էլբակյան: Մարտի 9-ին Խամաճիկների թատրոնը ներկայացրեց Մարկ Տվենի « Թոմ Սոյերի արկածները» պիեսը, որից ստացված հասույթը փոխանցվեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնին:
Ուշագրավ է, որ վերանորոգումից զատ, նաև Մնջախաղի և Համազգային թատրոնները, որոնք մինչև այժմ սեփական տանիք չունեին, վերջապես կգործեն սեփական հարկի տակ: Նախատեսված է այս տարի արդեն սկսել Համազգային թատրոնի նոր շենքի նախագծային աշխատանքները, հաջորդ տարի էլ Մնջախաղի թատրոնը կգործի նոր շենքում:
Անցյալ տարի վերջապես Մնջախաղի թատրոնին շենք հատկացվեց, և սկսվեցին տարածքի նախագծման աշխատանքները: Այսօր արդեն նախագիծը պատրաստ է: Թատրոնը կունենա 130-տեղանոց դահլիճ, ադմինիստրատիվ սենյակներ, փորձասենյակներ, դիմահարդարման սենյակներ:
Ինչպես շեշտում էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, շենքի շինարարությունը կտևի մեկ տարի․ - «Այս տարվա մայիս ամսից սկսվում են շինարարական աշխատանքները, և այդ շինարարական աշխատանքների ծավալը կավարտվի եկող տարվա մայիսին: Կազդարարենք թատրոնի բացումը նոր շենքում, նոր տարածքում, նոր դահլիճում»:
«Մի քանի օրից լրանում է իմ պաշտոնավարման 20 տարին թատրոնում, և ինչ-որ մի հաշվետվության նման բան է, որ 20 տարիների ընթացքում մենք եկանք հասանք այս կետին», - իր հերթին, ասում էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Թատրոնի նոր շենքի բացումը կազդարարվի նոր բեմադրությամբ: «Այո, նոր բեմադրությամբ պիտի ազդարարվի, կոչվում է «Պիեռոյի երազը»՝ դասական մնջախաղային թեմա է, բայց ինքը շատ ժամանակակից, մեր մասին է լինելու», - նշեց Դադասյանը:
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ թե՛ թատրոնների վերանորոգումը, թե՛ թատրոնների համար նոր շենքերի կառուցումը լուրջ խթան է թատերական ոլորտի զարգացման համար:
«Շատ բարձր եմ գնահատում, սա իսկապես երևույթ է: Եվ եթե այդ երկու պրոյեկտը իրագործվեն, և իրագործվեն և ստեղծվեն ժամանակակից թատրոններ, ոչ պակաս եմ արժևորում, քան՝ Մատենադարանի նոր մասնաճյուղի շենքը: Որովհետև երբ որ պետությունը կառուցում է համերգասրահ, թատրոն, պատկերասրահ նոր, կամ վերանորոգում է հինը, որովհետև դե ամեն անգամ նոր շենք կառուցել չի լինի․․․ Բայց այդ երկու թատրոնները, որոնք ունեն իրենց ուրույն դեմքը, իրենց ոճը, իրենց կարևորությունը մեր թատերական կյանքում, երկար ժամանակ զրկված են եղել սեփական շենքից: Կունենան դա՝ շատ լավ, շատ ողջունելի է, և <...> եթե սա իրագործվի, ապա շատ մեծ գործ է արվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը:
«Ես կարծում եմ, կա ևս մի շատ կարևոր բան՝ որ այդ բոլոր պրոբլեմները չթողնվեն միայն մշակույթի նախարարության վրա: Կան տեղական մարմիններ, որոնք պետք է զգան սրա անհրաժեշտությունը՝ նույն Չարենցավանում, նույն, կարծեմ, այդ ձևով է եղել Գավառում՝ այնտեղ տեղական մարմինները զբաղվել են, եթե չեմ սխալվում՝ Արտաշատում են հիմա ակտիվորեն զբաղվում: Սա շատ կարևոր է», - ընդգծեց Տիկնիկային թատրոնի տնօրենը:
Բացի այդ, նա շատ կարևորեց որոշակի օրենսդրական նախաձեռնություններ, «որպեսզի հայտնվեն հովանավորներ, մարդիկ, որոնք, ազատվելով որոշակի հարկերից, նաև մշակույթին փող կներդնեն»:
«Սա կարևոր բան է, սա քաղաքակիրթ երկիր դառնալու առաջին քայլերն են», - շեշտեց Ռուբեն Բաբայանը: