Կիևը հայտարարում է ահաբեկչական հարձակումների պլանները բացահայտելու մասին

Վլադիմիր Ռուբանի ձերբակալման գործողությունը

Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, թե կանխել են ահաբեկչական հարձակումների շղթա, որոնց թիրախում էին մի շարք քաղաքական գործիչներ: Այդ մասին ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:

Ենթադրվում է, որ հարձակումներ էին կատարվելու երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի, Անվտանգության խորհրդի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի վրա:

Ահաբեկչական հարձակումները պլանավորելու մեջ կասկածվում է «Սպայական կորպուս» հասարակական կազմակերպության ղեկավար, նախկին զինվորական Վլադիմիր Ռուբանը: Հինգշաբթի օրը նա ձերբակալվել է: Ռուբանի վարած միկրոավտոբուսում զենքի մեծ խմբաքանակ է հայտնաբերվել: Կիևի դատարանը նրան երկու ամսով կալանելու որոշում է կայացրել:

Վլադիմիր Ռուբանը հերքում է մեղադրանքները: