Երևանյան հիվանդանոցների մանկական բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով

Սուր շնչառական հիվանդությունների ակտիվացմամբ պայմանավորված վերջին շրջանում երևանյան հիվանդանոցների մանկական բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով։

Ինչպես ցույց տվեց «Ազատության» շրջայցը հիվանդանոցներով՝ երեխաների մոտ ախտանշանները հիմնականում նույնն են՝ բարձր ջերմություն, կոկորդի ցավ, հազ, իսկ բարդացած դեպքում՝ անգամ թարախային անգինա։

«Մուրացան» կլինիկայի ընդունարանում այսօր ամբողջ օրվա ընթացքում արդեն հասցրել են 70 հիվանդի ընդունել ու հետազոտել։ 49-ին ամբուլատոր բուժում են նշանակել, իսկ 20-ի ստացիոնար բուժման ուղարկել։ Հիվանդների մեծ հոսքն այստեղ կապում են հանգստյան օրերի հետ, երբ չեն աշխատում նաև պոլիկլինիկաները։ Ընդունարանի օրդինատոր Էմմա Մելիքյանն ասում է՝ թեև երբեմն մահճակալները չեն բավարարում, բայց փորձում են չմերժել ոչ ոքի։

«Այսօր պառկեցրել եմ նույնիսկ 14 օրական բալիկ: Մինչև 14 տարեկան էլ ունեցել ենք», ֊ խոսելով հիվանդների տարիքային կազմի մասին՝ ասաց Մելիքյանը:

Մեր նկարահանման պահին ևս մեկ փոքրիկի, ով ընդամենը 2 ամսական էր, ընդունարանից ուղիղ հիվանդասենյակ ուղարկեցին։ Նրան մայրիկը Ծաղկաձորից էր Երևան բերել։ ֊ «Ջերմություն ունի: Արդեն իննը օր», ֊ պատմեց մայրը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մանկական բաժանմունքում էլ երեխաների պակաս չկար։ «Ազատության» տեսախցիկը անգամ արձանագրեց, որ խաղասենյակն էլ էր հիվանդասենյակի վերածվել։ Այդտեղ պառկած փոքրիկի ծնողը հրաժարվեց նկարահանվելուց, բայց փոխանցեց՝ հիվանդները շատ են, սենյակները չի բավարարում։

Հիվանդասենյակից դուրս գալ, միջանցքում շրջել բժիշկները հիվանդներին թույլ չեն տալիս։ Զգուշավորություն է պետք՝ կրկնակի վարակումից խուսափելու համար՝ ասում են նրանք։ Շատերը մոտ 1 շաբաթ է, որ այստեղ են։ Բաժանմունքի վարիչ Անուշ Հակոբյանի խոսքով՝ հոսքը շատ է, շաբաթական 70-80 փոքրիկ են ընդունում, այդ է պատճառը նաև որ երբեմն ժամանակավոր հիվանդասենյակի են վերածում մյուս սենյակները։

«Դա ժամանակավոր բնույթ է կրել, մինչև կլինեն համապատասխան դուրսգրումներ և կարելի կլինի երեխային տեղավորել նորմալ», ֊ նշեց մանկական բաժանմունքի վարիչը:

Ծնողներից մեկ էլ պատմեց՝ որ հիվանդանոց են եկել, քանի որ հակաբիոտիկները այլևս ազատ չեն վաճառվում, դեղատոմս էր պետք՝ չկար, իսկ երեխան բարձր ջերմություն ուներ։ ֊ «Չէր օգնում ոչ մի ջերմիջեցնող, անտիբիոտիկներ չէինք կարող գնել, քանի որ դեղատոմս էր մեզ պետք: Դրա համար որոշեցի, որ ավելի լավ էր՝ տեղափոխվեինք հիվանդանոց», ֊ պատմեց նա։

Մանկական բաժանմունքի վարիչն ասում է՝ սուր շնչառական վարակների ակտիվացում կա։ Երեխաներից բացի այս շրջանում ռիսկային խմբում են նաև մեծահասակներն ու հղի կանայք։