Ռուսաստանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները մի քանի օրվա լռությունից հետո անդրադարձան Բրիտանիայում բնակվող ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը։
Այդ արձագանքն ավելի շուտ նման է դավաճաններին ուղղված նախազգուշացման։
«Ես ոչ մեկի մահը չեմ ցանկանում, բայց նման կարիերայի մասին երազողներին, բացառապես մանկավարժական նպատակներով, կցանկանայի նախազգուշացնել՝ դավաճանի մասնագիտությունն աշխարհում ամենավտանգավորներից մեկն է», - հայտարարել է Ռուսաստանի առաջին ալիքի հաղորդավարը՝ հայրենիքի դավաճաններին նաև խորհուրդ տալով հետագա բնակության համար չընտրել Անգլիան։
Մյուս հեռուստաընկերություններն ավելի շատ ընդունված գիծն են պահպանում՝ տարակուսած տոնով հերքելով Սկրիպալի հետ կապված միջադեպին Ռուսաստանի հնարավոր մասնակցության կասկածները և մեղադրանքները։
Հակազդելով ռուսական հետքի կասկածներին նաև փորձ է արվում միջադեպի հնարավոր աղբյուրը գտնել հենց Անգլիայում. մի քանի հաղորդումներում նշվել է, որ Սոլսբերիի քաղաքի մոտ է գտնվում ռազմաքիմիական լաբորատորիան։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն, ով պաշտոնական այցով գտնվում է Եթովպիայում, Ադիս Աբեբայում տեղի ունեցած ասուլիսում այսօր ասել է, թե Ռուսաստանն առաջարկել է իր ծառայությունները, համագործակցությունը միջադեպի քննությանը, բայց Բրիտանիան իրեն վեր է դասում, չի ընդունում համագործակցության առաջարկը։
Ռուսաստանին ուղղված մեղադրանքները նա անհիմն է համարել։ «Մենք ոչ մի փաստ չեն լսել։ Մենք միայն հեռուստատեսային հաղորդումներ ենք դիտում, որտեղ լուրջ դեպքով մարդիկ պաթոսով ասում են, որ եթե դա Ռուսաստանի գործն է, ապա պատասխանն այնպիսին կլինի, որ Ռուսաստանը երբեք չի մոռանա։ Դա անլուրջ է, դա պարզապես պրոպագանդա է և հիստերիա», - ասել է նա։
Լավրովը նաև տեղին չի համարել Սկրիպալի միջադեպի և ռուսաստանցի մեկ այլ նախկին հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան միջև զուգահեռներ անցկացնելը։
«Ցականում եմ հիշեցնել, որ Լիտվինենկոյի մահը, որը նույնպես գցում էին Ռուսաստանի վրա, այդպես էլ մինչև վերջ չի հետաքննվել», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Լիտվինենկոյի գործը հետաքննվել է տասը տարի։ Ռադիոակտիվ նյութով թունավորվելու հետևանքով նա մահացել է 2006 թվականին Լոնդոնում։ Կասկածներ կան, որ նրան թունավորել են ռուսական հատուկ ծառայությունների նրա նախկին գործընկերները։ Լիտվինենկոյի մահվան հանգամանքների հետաքննությունը դադարեցվել է 2016 թվականին։
Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվել էր Բրիտանիայի օգտին լրտեսելու մեղադրանքով։ 2010-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բացահայտված լրտեսների փոխանակում էր տեղի ունեցել, Ռուսաստանն ազատ էր արձակել Սկրիպալին, ով տեղափոխվել էր Բրիտանիա և բնակվում էր Սոլսբերի քաղաքում։
Անցած կիրակի երեկոյան Սոլսբերիի առևտրի կենտրոններից մեկում Սկրիպալի և նրա դստեր առողջական վիճակը կտրուկ և անսպասելի վատացել էր, ոստիկանությունը հայտնեց, որ դա նյարդային համակարգը կաթվածահար անող շատ ուժեղ նյութի հետևանք է։
Նրանք դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Քիմիական նյութն այնքան ուժեղ է եղել, որ նրանց հետ առաջինը շփված ոստիկանը չորս օր հետո դժվարությամբ ուշքի է եկել։ Ընդհանուր առմամբ 21 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադդն այսօր այցելել է միջադեպի վայր, որը դեռ գտնվում է ոստիկանների հսկողության տակ։ Նա ասել է, որ Սկրիպալի և նրա դստեր առողջական վիճակը դեռևս շատ ծանր է։ Ոստիկանությունը փորձում է պարզել թունավոր նյութի աղբյուրը։