Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»-ի անդամներին մարտիության նվերներից «բաժին չի հասել»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի և ավագանու անդամ բոլոր կանանց շնորհավորելով մարտի 8-ի կապակցությամբ՝ նրանց բացիկներ և 20 հազարական դրամ է նվիրել, սակայն, ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները վստահեցնում են, որ քաղաքապետի նվերներից իրենց բաժին չի հասել։

«Տեսնում ենք, որ Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստից հետո մեր խմբակցության վրա ճնշումներ են գործադրվում․ աղբ էին լցրել մեր սենյակ, արգելեցին մեր մեքենաների մուտքը հատուկ կայանատեղի, կայքից հեռացրեցին մեր խմբակցության անդամների կենսագրականները: Հետո մտածեցին էլ ինչ անեն՝ որոշեցին, որ արգելեն մեր հաղորդակցությունը քաղաքացիների հետ փոստային համակարգի միջոցով: Եվ սա էլ հերթական դեպքն է մարտիության նվերների․․․», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարինե Խաչատրյանը:

«Երկիր ծիրանիի» անդամ Մարինե Խաչատրյանը, ով երեկ եղել է քաղաքապետարանում, երբ բաժանվել են նվերները ավագանու մյուս անդամներին և ագամ մասնակցել կրթության հանձնաժողովի նիստին, այնուամենայնիվ նշում է, որ եթե քաղաքապետի անունից իրեն գումար նվիրեին, ինքը և խմբակցության մյուս կանայք այն չէին ընդունի․ - «Նրանք հասկանում են, որ Երևանը քանդողի ձեռքերից «Երկիր Ծիրանի» խմբակցության որևէ անդամ որևէ նվեր չի ընդունելու: Հատկապես՝ որ այդ նվերները կատարվում են մեր հանրային միջոցների հաշվին, և բավականին մեծ գումարներ են դրանք կազմում: Մինչդեռ մենք այսօր ունենք մեծ քանակությամբ աղքատ մարդիկ, ամբողջ հանրապետությունում շուրջ մեկ միլիոնի է հասնում այդ թիվը, և որևէ մեկը իրեն պետք է նույնիսկ բարոյական իրավունք չվերապահի այդպիսի նվերներ ստանալ»:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, մինչդեռ, վստահեցնում է, թե միտում չի եղել. «Երկիր Ծիրանիի» կանանց անունով ևս պատրաստել էին բանկային քարտեր՝ 20 հազար դրամով, և պատրաստել էին բացիկ: Պարզապես մարտի 7-ին, երբ նվերները տարել են նրանց աշխատասենյակ, կանանց այնտեղ չեն գտել․ - «Բոլորի համար է նախատեսված եղել․․․ Երկու թե երեք անգամ են այցելել: Քանի որ առաջին անգամ այցելել են, տեղում չեն եղել, երկու-երեք անգամ ևս այց եղել է, էլի տեղում չեն եղել։ Բայց տեղում է եղել խմաբկցության գործավարը, ով իր ծաղկեփունջը ստացել է»:

Մարինե Խաչատրյանը հակադարձում է. - «Մենք շատ երկար ժամանակ ենք այնտեղ եղել»:

Երևանի ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Ելք»-ի անդամ Զարուհի Բաթոյանն ասում է, թե ինքն էլ 20 հազար դրամով բանկային քարտն ու բացիկը անձամբ չի ստացել քաղաքապետարանի որևէ աշխատակցից: Գնացել է աշխատասենյակ և նվերը հայտնաբերել իր սեղանին։

Բաթոյանը տարակուսում է՝ ինչո՞ւ քաղաքային իշխանության ներկայացուցիչները նույնը չէին կարող անել «Երկիր Ծիրանիի» կանանց պարագայում․ - «Եթե շնորհավորանքի մասին է խոսքը, կարծում եմ, բոլորի հանդեպ պետք է վերաբերմունքը նույնը լինի: Կապ չունի ում մասին ենք խոսում՝ կանանց, տղամարդկանց, ընդդիմադիր թե իշխանական»:

«Երկիր Ծիրանի»-ի կանանց պես՝ «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանը անընդունելի է համարում քաղաքապետի կողմից ավագանու անդամներին մարտի 8-ին գումար նվիրելը, և քանի որ իր նվերի մասին տեղեկացել է պոստ ֆակտում, երբ այն արդեն իր սեղանին է եղել, պատրաստվում է գումարը նվիրաբերել կանանց իրավունքների հարցերով զբաղվող որևէ կազմակերպության․ - «Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության, կանանց համար հավասար հնարավորությունների, նրանց խրախուսման օրն է, այդ գումարը․․․ տրամադրելու եմ [որևէ] կազմակերպության»:

Ըստ Բաթոյանի՝ խնդիրը ոչ միայն կանանց տոնին գումար նվիրելն է, այլ նաև ավագանու անդամին քաղաքապետի անունից տրված բացիկին կից գումար տալը:

«Չ՞է որ դա կարող է կաշկանդել ավագանու անդամին գործել ազատ», - ասում է Բաթոյանը։ - «Ես կարծում եմ, որ ավագանու անդամին դրամական կամ թարկարժեք նվերներ նվիրելը էթիկապես ճիշտ չէ»:

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ավագանու և աշխատակազմի կին անդամներին 20 հազար դրամներով բանկային քարտերը հատկացվել է «Երևան» հիմանդրամի միջոցներից, և որ այսպես մարտի 8-ը նշելը արդեն վաղուց քաղաքապետրանում «բարի և սիրված ավանդույթ» է։

Բանկից տեղեկացանք, որ 20 հազարական դրամով քարտեր ձեռք բերելու համար գնողը յուրաքանչյուր քարտի համար ևս 3000 դրամ է վճարում: Այս դեպքում քաղաքապետարանը վճարել է 23 հազար դրամ յուրաքանչյուր քարտի դիմաց: Այսինքն՝ միայն ավագանու 17 կին անդամների մարտիության նվերի համար քաղաքապետրարանը ծախսել է մոտ 400 հազար դրամ։