Պարգևատրված կանանց ընտրությունը քննադատության ալիք է հարուցել

Մարտի 8-ի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մի խումբ կանանց մեդալներով է պարգևատրել, ինչը հերթական անգամ քննադատության ալիք է բարձրացրել:

Հատկապես քննարկվում է բազմաթիվ սերիալների պրոդյուսեր, սցենարիստ Դիաննա Գրիգորյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու շարժառիթը։

Նախագահի հրամանագրում նշվում է, որ մեդալը նրան շնորհվել է «հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար»։ Մինչդեռ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ քննադատել են Գրիգորյանի հեղինակած սերիալները՝ մատնացույց անելով դրանցում առկա փողոցային խոսքը, բռնության տեսարանները կանանց նկատմամբ ու կնոջ դերի նվաստացումը ընտանիքում, և կոչ անելով սերիալներում բռնությունը քարոզելու փոխարեն նպաստել կին-տղամարդ առողջ հարաբերությունների մոդելի ներկայացմանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով, երբ ռաբիս երգիչ Արմենչիկը 2015-ին արժանացավ վաստակավոր արտիստի կոչման, արդեն պարզ էր, թե պաշտոնական շրջանակներում ինչն են գնահատում։

Խառատյանը վստահ է, որ պարգևատրվածներից ամեն մեկը իր ոլորտում ներդրում ունեցել է, մինչդեռ հարց է առաջանում՝ արդյոք դա՞ պետք է գնահատվի․ - «Սրա՞նք են մեր երկրի արժեքավոր ներդրումները: Հատկապես Խորենացու անվան մեդալը․․․ մարդու սիրտ է ուղղակի մղկտում: Այսինքն, մենք սրանով «Հայոց պատմության» հեղինակին հավասարեցնում ենք բռնության սերիալների ժանրի հեղինակին»:

Թե ինչ չափանիշներով են ընտրվել մեդալի հավակնորդները փորձեցինք պարզել նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում։

Սցենարիստ Դիաննա Գրիգորյանը խնդրեց մի փոքր ուշ զանգահարել, սակայն դրանից հետո զանգերին այլևս չպատասխանեց: Փոխարենը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ իրեն մեդալով պարգևատրելու դեմ խոսող մարդիկ «Char u naxanz» են և շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր գնահատեցին իր տարիների աշխատանքը։

Երեկ նախագահականում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տասնյակ կանայք տարբեր մեդալներով են պարգևատրվել։ Դիաննա Գրիգորյանի նման Մովսես Խորենացու մեդալ է ստացել նաև լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն էլ Երախտագիտության մեդալ է ստացել։

Իր ելույթում նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ կանայք պետք է ակտիվորեն մասնակցեն քաղաքական գործընթացներին և երկրի շինարարությանը, քանի որ ժամանակակից հասարակություններում կանայք պետք է լուրջ դերակատարություն ունենան։

«Անկեղծ ասած՝ ես չեմ դատողը: Գուցեև կային մարդիկ, որոնք այդ մեդալը պիտի որոշ ժամանակ հետո ստանային, կամ չստանային ընդհանրապես․․․ Մյուս կողմից, չեմ ընդունում այն աղմուկը, որ սոցիալական ցանցերում բարձրացավ երեկվանից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավոր Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ):

Եսայանը թեև անուններ չի նշում, բայց կարծում է, որ որոշ մարդկանց մեդալով պարգևատրելը դեռ շուտ էր, իսկ այդ մարդկանց պարգևատրումը ստվեր գցեց մյուսների վրա:

Պարգևատրման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել էր․ - «Մեր անցած պատմական ճանապարհը և հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան և ունեն մեր հասարակության մեջ»:

Հրանուշ Խառատյանի կարծիքով, այս պարգևատրումները հանրային հեգնանքի առարկա են դարձել։ Նա ասում է, որ խորհրդային տարիներին մշակույթի և արվեստի ոլորտում Ստալինյան մրցանակներ էին տալիս և տարբեր գործիչներ պայքարում էին դրա համար: Ազգագրագետն առաջարկում է նմանատիպ մի մեդալ էլ Սերժ Սարգսյանի անունով ստեղծել, քանի որ, նրա խոսքով, Հայաստանը դանդաղորեն վերադառնում է կառավարման ստալինյան կարգին․ - «Հիմա ինչո՞ւ էդ ժանրը խրախուսող շնորհողի անձով մենք մեդալներ չսարքենք․․․ Տխուր իրականություն է, բայց շատ ադեկվատ է մեր սկսած ընթացքին: Այսպես էլ պետք է լիներ․ մենք անընդհատ ավելի ու ավելի մոտենում ենք հենց այն ռեժիմային հասարակություններին, որտեղ անձն է բոլոր որոշումները կայացնում»:

Խառատյանի կարծիքով՝ այս մեդալները նաև յուրահատուկ լյուստրացիայի միջոց են և այսպես կարելի է հասկանալ, թե ով սահմանի որ կողմում է։