«Ելք»-ը պնդում է, թե ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկել են մեկը մյուսի փոխարեն

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծի առաջին ընթերցման քվեարկությունից հետո ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները մեկը մյուսի փոխարեն են քվեարկել։

Օրենքը սահմանադրական է, ուստի նախագծի ընդունման համար անհարժեշտ էր պատգամավորների առնվազն 3/5-րդի՝ այսինքն 63-ի ձայները։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նախքան Փաշինյանի հայտարարությունն ասել էր՝ նախագիծը ընդունվել է՝ 64 կողմ, 33 դեմ ձայներով:

Խորհրդարանի ընդդիմադիր «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները դեմ էին արտահայտվել Կառավարության ներկայացրած նախագծին, իշխանական Հանրապետականի և Դաշնակցության ներկայացուցիչները՝ կողմ։

Նիկոլ Փաշինյանը նախ պահանջեց ցուցատախտակի վրա վերականգնել քվեարկության պատկերը, ապա քարտուղարությունից վերցրեց արդյունքներն ու խոսեց անուններով․ - ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի քվեարկությանը Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց իրա անվան դիմաց գրանցվել ա կողմ, և ինքը գրանցվել ա․․․ Պետք ա հասկանանք ինչ ա տեղի ունեցել: Վերականգնել ա պետք պատկերը կամ ինչ-որ բան ասել»:

Հանրապետական Աշոտ Արսենյանը «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիրն է, խորհրդարան է գալիս առավելապես քվեարկություններին մասնակցելու համար: 15 տարի անընդմեջ ընտրվել է պատգամավոր: Ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորների եռյակում է, դոլարային միլիոնատեր է:

Ազգային ժողովի գործունեությանը հետևող «ParliamentMonitoring» կայքի տվյալներով, Աշոտ Արսենյանն անցած գումարման խորհրդարանի աշխատանքների 5 տարիների ընթացքում որևէ ելույթ չի ունեցել, ոչ մի հարց չի հնչեցրել:

Չնայած դրան, ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն, Սյունիքի և Վայոց Ձորի բնակիչները նրան մոտ 18 հազար ձայն են տվել: Անցած մեկ տարվա մեջ էլ Արսենյանը շարունակել է ելույթներ չունենալ ու հարցեր չտալ:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ ասելով, թե հարցին չեն կարող անդրադառնալ, որովհետև որոշ պատգամավորներ արդեն լքել են դահլիճը։ Չնայած, նշեմ, քվեարկությունները դեռ շարունակվում էին․ - «Քվեարկել, դուրս են եկել, և հիմա մենք չենք կարող նորից անդրադառնալ հարցին: Որոշումը ընդունվել է»:

Արարատ Միրզոյանը («Ելք») հարցրեց․ - «Էս մի փոքրիկ դահլիճում Դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը և քվեարկություններ կեղծումը, թե՞ ոչ, պարոն Բաբլոյան: Որերորդ անգամ բախվում ենք էդ խնդրին, որ մեկը մյուսի փոխարեն ա քվեարկում: Սա շատ էական հարց ա: Մի մտածեք, թե լղոզելով անցնելու ա: Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում: Կարո՞ւմ եք՝ ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չե՞ք կարում՝ մի քվեարկեք»:

«Ես բոլորին հարգում եմ, և դա անհնարին է, որ ես որևիցե մեկին․․․ հաշվի չառնեմ նրա կարծիքը», - արձագանքեց Բաբլոյանը: - «Ձեր պահանջով մենք կրկնեցինք այն պատկերը, որը ունեինք: Այդ պահին շատ ուշադիր դուք նայեցիք, և որևիցե արձագանք չեղավ: Նրանից հետո, երբ որ պատգամավորները դուրս եկան, դուք արդեն արձագանքում եք, որին որ ես չեմ կարող անդրադառնալ, կներեք»:

Նիկոլ Փաշինյանն ասաց․ - «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմն էն ա, որ մեր երկրի առաջին դեմքերը ուղղակի կարող են բոլորիս աչքերի մեջ նայեն ու սուտը որպես ճշմարտությունը բրթեն․․․ Էս ա պրոբլեմը: Մենք ասում ենք՝ մարդը ստեղ չի եղել, չի քվեարկել: Դե եկեք տեսախցիկներով հանենք, տենանք ներկա՞ է եղել գրանցման ժամանակ, թե՞ չէ»:

«Հարգելի բարեկամներ», - պատգամավորներին դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ): - «Ամեն դեպքում, եղել ա թե չի եղել, 63 կողմ ստացել ա և որոշումը ընդունվել ա: Մնացած հարցերը կարելի է հետո քննարկել»:

Խոսք խնդրեց Գևորգ Գորգիսյանը («Ելք»)․ - «Ազգային ժողովը ունի նախագահություն՝ նախագահը և երեք տեղակալները: Ինչի՞ մեր վրա ա էլի էդ բեռը դրած՝ հետևենք, որ մեկը մյուսը տեղը չքվեարկի: Մանկապարտե՞զ ա․․․»

Նրան արձագանքեց Արա Բաբլոյանը․ - «Մենք ունենք 105 պատգամավոր, և ամեն մի պատգամավոր իրավունք ունի վերահսկելու և կարծիքը հայտնելու: Այո, մենք ունենք մեր պարտականությունները․ ես վերականգնեցի պատկերը, և դուք վերահսկեցիք այդ պատկերը»: