Ադրբեջանում աշխատանքն է սկսում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավա Կորիեն Յոնկեր, արխիվ

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ Բաքվում աշխատանքն է սկսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ, ODIHR) դիտորդական առաքելությունը:

Առաքելության ղեկավար, Նիդերլանդների ներկայացուցիչ Կորիեն Յոնկերը արդեն իսկ ժամանել է Բաքու: 52-ամյա հոլանդուհին ընտրությունների դիտարկման որոշակի փորձ ունի` 2014-ին, օրինակ, նա ղեկավարել է Բոսնիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Ավելի վաղ Յոնկերը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակ էր` ղեկավարելով այդ կառույցի Միգրացիայի և փախստականների հարցերի հանձնաժողովը:

Նախորդ շաբաթ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակեց ընտրությունների նախապատրաստմանը վերաբերող առաջին նախնական զեկույցը, որ կազմվել էր «Կարիքների գնահատման առաքելության» շրջանակում: Զեկույցում ԵԱՀԿ ներկայացուցիչները նշում էին, որ ապրիլի 11-ի քվեարկության ընթացքը համակողմանիորեն դիտարկելու համար ԺՀՄԻԳ-ը պետք է առնվազն 30 երկարաժամկետ և 280 կարճաժամկետ դիտորդ ուղարկի Ադրբեջան:

ԵԱՀԿ կազմած զեկույցում նաև նշված էր, որ գնահատման առաքելության անդամները Բաքվում հանդիպել են քաղաքական դաշտի, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության բազմաթիվ ներկայացուցիչների հետ, որոնց մի մասը լուրջ կասկածներ է հայտնել, թե ապրիլի 11-ի ընտրությունները կարող են անցնել իրոք մրցակցային միջավայրում: Զեկույցի հեղինակները նաև հատուկ ընդգծում են, որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են նախագահության թեկնածուներ առաջադրել և պատրաստվում են բոյկոտել առաջիկա ընտրությունները:

«Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները մեզ հետ զրույցներում նշում էին, որ պատրաստվում են լայնածավալ համազգային քարոզարշավ անցկացնել ի պաշտպանություն իրենց թեկնածուի», - նշում էին զեկույցի հեղինակները` ընդգծելով սակայն, թե ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ լայնամասշտաբ քարոզչության հնարավորություններ ընձեռվում են բացառապես իշխանության թեկնածուին:

«ԺՀՄԻԳ առաքելության անդամների հետ զրույցներում շատերը նշում էին, որ ադրբեջանական օրենսդրությունն ու դրա կիրառման ձևը խոչընդոտում են անկաշկանդ քարոզչության ծավալմանը: Խոսքը մասնավորաբար հավաքների հիմնարար ազատությունների սահմանափակման մասին է», - նշում են զեկույցի հեղինակները:

Վերջում հավելենք, որ ապրիլի 11-ին կայանալիք ընտրություններին գործող նախագահ Իլհամ Ալիևի մրցակիցների դերում հանդես են գալիս հիմնականում իշխանամետ մանր կուսակցությունների առաջնորդները: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ գրանցել է առաջադրված 15 թեկնածուներից 4-ին: Իլհամ Ալիևից բացի նախագահի թեկնածուի վկայականներ են ստացել նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն, «Միասնական ժողճակատ» կուսակցության ղեկավար Ղուդրաթ Հասանղուլիևը և ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը:

Իրական ընդդիմության ներկայացուցիչները` «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը», Ժողճակատը և «Մուսավաթ» կուսակցությունը պատրաստվում են առաջիկա մեկ ամսում ակտիվ բոյկոտի քաղաքականություն իրականացնել, երկու օրից արդեն՝ մարտի 10-ին դուրս գալով բողոքի ցույցի: