Կառավարության աշխատակազմը վճարովի ալիքներ դիտելու համար պետբյուջեից 2,5 միլիոն դրամ է հատկացրել: «Տուն-տունիկ», «Детский мир», «Baby TV»․ նաև այսպիսի հեռուստաալիքներ դիտելու համար է Կառավարությունը պայմանագիր կնքել «Յուքոմ» ընկերության հետ։
Ֆինանսների նախարարության էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգում տեղադրված պայմանագրերից երևում է, որ առնվազն 10 գերատեսչություններ և կոմիտեներ 2018 թվականի ամբողջ ընթացքում վճարովի հեռուստաալիքներ դիտելու համար 5 միլիոն դրամից ավելի գումար են վճարել։
Պարզելու համար, թե ո՞րն է եղել ալիքներ գնելու նպատակը և որքանով է դա նպաստում այս կառույցների արդյունավետ աշխատանքին, «Ազատությունը» հարցումներ էր ուղարկել այս կառույցներ։ Գրեթե բոլորն իրենց պատասխաններում պնդում են, որ սա արդյունավետ ծախս է, միայն Էներգետիկայի նախարարությունից են հակադարձում ու շեշտում՝ իրենց աշխատանքի արդյունավետության վրա հիշյալ հեռուստաալիքների ազդեցության հստակ չափորոշիչներ չկան, ուստի քանի դրանք սահմանված չեն՝ չեն կարող պատասխանել։
Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով պնդումը, որ սա նպաստում է աշխատանքի արդյունավետությանը պարզապես անլուրջ է․ - «Զարմանալի կլինի, որ նրանք ժամանակ գտնեն: Առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության պայմաններում քիթ սրբելու ժամանակ պիտի չունենան»:
«Ջան TV», «Кухня ТВ», «Индия ТВ», «Телепутишествия» և նմանատիպ այլ հեռուստաալիքների համար վճարած Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, օրինակ, պնդում են, որ այս ալիքների ձեռքբերումը իրականում նպաստում է կառույցի արդյունավետ և թափանցիկ աշխատանքին։
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն պայմանագրով «Յուքոմ»-ից պահանջել է, որ իրենց փաթեթում ներառվի կենդանիների մասին պատմող «Animal planet» հեռուստաալիքը։ Մեր հարցին, թե ո՞րն է նպատակը, Կոմիտեից պատասխանել են, որ այս հեռուստաալիքները անհրաժեշտ են՝ «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ վթարային հակազդման հարցերում գործառույթների իրականացման համար»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ պնդում են, որ հեռուստաալիքներ են գնել նախընտրական քարոզչությանը հետևելու համար, մինչդեռ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունները նախորդ տարի էին, իսկ նախագահին ընտրեց խորհրդարանը։
Երևանի նախկին քաղաքապետի համար տարօրինակ է նաև, որ գերատեսչություններում կարող են մի քանի տասնյակ հեռուստացույցներ լինել․ ինչո՞ւ են գնել դրանք, ի՞նչ նպատակով՝ հարցնում է նա։ Հիշում է, որ նախկինում նման պրակտիկա չկար։ Հիշեցրեց նաև գործող Կառավարության անդամների՝ խնայողություններ անելու անհրաժեշտության մասին հայտարարությունները։
«Ինչքան շատ են խոսում, այնքան իրենց մոտ անարդյունավետ ծախսերը ավելի մեծանում են և սա հերթական փաստն է, որ Կառավարությունը ավելի շատ փորձել է իրեն ցույց տալ, քան իրականում գործ անել», - մեզ հետ զրույցում մեկնաբանեց Վահագն Խաչատրյանը:
Նա վստահ է՝ սա մանրուք չէ և խոսում է Կառավարման անարդյունավետության մասին, եզրակացնելով, որ թերևս մեքենայի և քարտուղարուհու հետ, պաշտոնյաների համար նաև վճարովի ալիքներ ունենալն է հիմա պարտադիր։
Կառավարության որոշ անդամներ 2018 թվականի ամբողջ ընթացքում կկարողանան դիտել՝ «Fashion TV», «Домашние животные», «Охота и рыбалка», «ШАНСОН TV», «Disney Channel»։ Փաթեթում ներառված է նաև Իտալիայի հանրային 1, 2 և սպորտային ալիքը, ինչպես նաև ֆիլմեր և հեռուստասերիալներ ցուցադրող տասնյակ ալիքներ։
Ինչպես Կառավարության աշխատակազմն է պատասխան նամակում գրում՝ իրենց մի շարք ստորաբաժանումների համար վճարովի հեռուստաալիքների դիտումն անհրաժեշտ է։