ԵՄ ՆԳ նախարարները կքննարկեն Վրաստանի քաղաքացիների կողմից ոչ-վիզային ռեժիմի խախտման հարցը

ԵՄ և Վրաստանի դրոշները, արխիվ

Ակնկալվում է, որ Եվրամիության ներքին գործերի նախարարները այս շաբաթ Բրյուսելում կքննարկեն Վրաստանի քաղաքացիների կողմից ազատ վիզային ռեժիմի խախտման հարցը:

Այդուհանդերձ, մարտի 8-ին սպասվող քննարկմանը որևէ որոշում չի ընդունվի, և ԵՄ դիվանագետները կքննարկեն այդ հարցը նորից մարտի 26-ին, երբ Եվրահանձնաժողովը զեկույց կներկայացնի այն մասին, թե ինչպես է Վրաստանը իրականացնում վիզաների ազատականացման համաձայնագիրը և ինչ միջոցներ է ձեռնարկում Թբիլիսին մտահոգությունները վերացնելու համար:

Ենթադրվում է, որ այս հարցը կքննարկվի նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, ով պաշտոնական այցով Բրյուսելում է՝ Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ մարտի 8-10-ը ակնկալվող բանակցությունների նպատակով:

Հիշեցնենք, Վրաստանի քաղաքացիները 2017 թվականի մարտի 28-ից առանց վիզայի կարող են մուտք գործել ԵՄ երկրներ: Գերմանիան և Շվեդիան զեկուցել են, որ հարյուրավոր վրաստանցիներ ապաստան են խնդրել, ինչպես նաև խախտել են ԵՄ երկրներում մնալու ժամանակային պայմանները: