Թրամփը հավատում է, որ ապամիջուկայնացման բանակցությունների՝ Փհենյանի պատրաստակամությունը «անկեղծ է»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է, որ ապամիջուկայնացման բանակցություններ վարելու Հյուսիսային Կորեայի պատրաստակամությունը «անկեղծ է»:

«Կարծում եմ, որ նրանք անկեղծ են: Կարծում եմ, որ նրանք անկեղծ են նաև պատժամիջոցների պատճառով»,- լրագրողներին ասել է Թրամփը Հարավային Կորեայի հայտարարությունից հետո, թե Փհենյանը կգնա բանակցությունների Միացյալ Նահանգների հետ և կդադարեցնի միջուկային փորձակումները բանակցությունների ընթացքում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների կողմից հնչած հայտարարությունները շատ դրական են, սակայն դրանք կարող են «կեղծ հույս լինել»:

Հյուսիսային Կորեան դեռ չի հաստատել Սեուլի հայտարարությունների մանրամասները, համաձայն որոնց՝ ամիսներ շարունակված սպառնալիքներից և վիրավորանքներից հետո Վաշինգտոնի և Փհենյանի միջև բացվում են երկխոսության դռները: