Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել նախագահական առանձնատունը. Արամ Սարգսյան

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը վստահ է՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո առաջադրվելու է վարչապետի պաշտոնում:

Ըստ Արամ Սարգսյանի, այդ մասին են վկայում ոչ միայն ապագա վարչապետի համար կատարվող օրենսդրական փոփոխությունները, հանրապետականների հայտարարությունները, այլև այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել նախագահական առանձնատունը:

«Ազատություն». - Պարոն Սարգսյան, մեկ ամսից արդեն Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները և նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կստանձնի նախագահի պաշտոնը, և 7-օրյա ժամկետում արդեն խմբակցությունները պետք է առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։ Նիկոլ Փաշինյանը կրկին պնդում է՝ միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է վերարտադրվել արդեն վարչապետի պաշտոնում։ Դուք նույնպես պնդումներ արել եք։ Ներկայացրեք այն հանգամանքները, այն փաստարկները, որոնց հիման վրա Դուք նույնպես նման եզրահանգման եք գալիս, որ միանշանակ է՝ Սերժ Սարգսյանն առաջադրվելու է վարչապետի պաշտոնում։

Արամ Սարգսյան. - Թե՛ օրենսդրական փոփոխությունները, որոնք որ բերվում են, թե՛ Սերժ Սարգսյանի պահվածքը, չժխտելն այս ընթացքում, թե՛ Հանրապետական կուսակցության տարբեր անդամների ակնհայտ ու բաց դրսևորումները դրա հիմնավորումն ու ապացույցն են։ Նաև առաջին փոխվարչապետի պաշտոնի ստեղծումը՝ կառավարության բերած նոր օրենքով, նաև կառավարության ամառանոց կոչված վայրում նախագահի նստավայրի համարի անվանափոխության խնդիրը։

«Ազատություն». - Կմանրամասնե՞ք, ի՞նչ է դա նշանակում։

Արամ Սարգսյան. - Կառավարությունն ունի նստավայր Հրազդանի ձորում, որտեղ կառավարության անդամները՝ վարչապետները, նախագահները բնակվում են, էդ իրենց հասցեն է, որը պաշտպանված է, և այդ հասցեում օրենքով նախատեսված բնակարաններ կան՝ առանձնատներ, նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահն է այնտեղ, վարչապետն է ժամանակին այնտեղ եղել, հիմա չգիտեմ, դրանք օրենքով են նախատեսված։ Այսօր արդեն որոշակի օրենքներ կան, որոնք դրվում են շրջանառության մեջ, որոնցում համարներ են փոխում, որպեսզի նախագահին ամրացված առանձնատունը մնա Սերժ Սարգսյանին և չգնա Արմեն Սարգսյանին, այսինքն՝ ակնհայտ է, որ մարդը չի տեղափոխվելու, միանշանակ շարունակելու է մնալ այն առանձնատանը, որտեղ բնակվում է։ Հանրապետականը միաբերան կրկնում է, որ Սերժ Սարգսյանն անկրկնելի և անփոխարինելի է։

«Ազատության» հետ զրույցում Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը կանխելու շուրջ «Ելք»-ի ճանապարհային քարտեզին՝ շեշտելով, թե չի բացառվում, որ մեկ միասնական որոշում կայացնելուց հետո դաշինքի անդամները առանձին գործողություններ իրականացնեն:

«Ազատություն». - «Ելք»-ում այժմ ճանապարհային քարտեզ է մշակվում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը ձախողելու հետ կապված։ Տևական ժամանակ է այդ քննարկումները գնում են։ Ի վերջո, ինչպիսի՞ եզրահանգման եք եկել, կամ ինչի՞ն եք ավելի շատ մոտեցել՝ դո՞ւրս եք գալու փողոց, Ազատության հրապարակ՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացը ձախողելու համար։

Արամ Սարգսյան. - Ես չէի ուզենա լողացող պատասխաններ տալ, բայց նաև ճիշտ չի լինի իմ ընկերների տեսակետները հիմա բարձրաձայնել, որովհետև դրանով փաստի առաջ կկանգնեցնեմ թե՛ ինձ, թե՛ իրենց։ Քանի դեռ չունենք ընդհանուր դիրքորոշում. ո՛չ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզը, իսկապես մարդը կետերով գրած առաջարկություններ է բերել, ո՛չ Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկած ճանապարհային քարտեզը, նրանք էլ իրենցն ունեն՝ նույնչափ հարգանքի արժանի, նույնչափ իրատեսական, նույնչափ բոլոր հարցերին պատասխանող, մենք էլ մեր ճանապարհային քարտեզն ունենք։

«Ազատություն». - Երեքն էլ իրարից տարբերվո՞ւմ են։

Արամ Սարգսյան. - Երեքն էլ շատ բաներում իրար նման են, բայց տակտիկական քայլերի առումով, մոտեցումների առումով իրարից տարբերվում են, ու հենց այդտեղ մենք ընդհանրություն գտանք, բարձրաձայնելու ենք։ Ես շատ-շատ ուզում եմ, որ այն արգումենտները, ինչը բերում են իմ ընկերները, որոնք գոյության իրավունք ունեն՝ իրենց առավելություններով ու թերություններով, կարողանանք գտնել ընդհանուր եզրերը, ընդհանուր հայտարարի գանք և գործընթաց ծավալենք մեկ ընդհանուր։ Բայց տակտիկական առումով, ես չէի բացառի, որ հենց էդ մեկ ընդհանուր որոշման մեջ լինի տակտիկական քայլերի այնպիսի շարք, որը ցույց տա, որ առանձին-առանձին գործել։

«Ազատություն». - Եթե Նիկոլ Փաշինյանը գնա Ազատության հրապարակ, նրա կողքին կկանգնե՞ք։

Արամ Սարգսյան. - Ես երբեք իմ ընկերներին չեն թողել մենակ։ Եթե իմ ընկերները որոշեն, որ «էս պահին պետք չի, որ դու իմ կողքը կանգնես, որովհետև պետք է, որ ես մենակ կանգնեմ», ու էդ ամեն ինչը համաձայնեցված լինի, ու ես իմանամ, թե չկանգնելուց հետո ինչ խնդիր եմ լուծում, նման տարբերակներ էլ հավատացեք, որ հնարավոր է։ Էս ամեն ինչը ես ասում եմ, ոչ թե մեր հանրությանը խճճելու, այլ՝ իշխանությանը խճճելու համար։ Ընդհանուր առմամբ մենք այսօր քննարկում ենք անում, և հավատացեք, որ նույնիսկ նման տարբերականեր ենք քննարկում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.