Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մասնակիորեն կասեցնել դեղորայքի դեղատոմսերով վաճառքի որոշումը: Հորմոնների համար՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկային դեղերի համար՝ մինչև հուլիսի 1-ը։
Հիշեցնենք, Կառավարության նախորդ որոշման համաձայն մարտի 1-ից դեղատոմսով էին վաճառվում նաև այս դեղամիջոցները։
Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանն այսօր նշեց, որ սահմանում են աստիճանական անցման ժամանակացույց․ - «Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց: Ժամանակացույցի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը: Առավել ռիսկային՝ հոգեմետ դեղերը և հակաբիոտիկ դեղերը դրվել են մարտի 1-ից: Երկրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Եվ արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ ուժով օրենսդրական պահանջը դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի»:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Պետրոսյանը տարակուսած է․ արդյո՞ք այս ամբողջ աղմուկը հորմոնային դեղերի դեղատոմսով վաճառքով էր պայմանավորված․ - «Հիմա դրա մեջից որ հանեցին հորմոնները, կարծում եք հորմոնների պատճառո՞վ էր էս ամեն ինչը․․․ Ինձ թվում ա, իրանք էլ չգիտեն, թե ինչ են անում: Մի խուճապ էլ էնդեղ ա սկսվել․ ոչ էն ա, որ ուղղակի կասեցնեն՝ ոնց որ կլինի դեմքը կորցնեն, բայց մյուս կողմից էլ ուզում են ինչ-որ բանով փափկացնեն, որը որ արդեն ուշ ա: Հենց հիմա տեղի ա ունենում դեղատոմսի գաղափարի վարկաբեկում: Պարզվեց, որ համակարգը պատրաստ չի անցնել դեղատոմսային էդ ձևին: Էնքան բաներ ի հայտ էկան․․․»
Միայն դեղատոմսերով դեղերի վաճառքը առաջացրել էր քաղաքացիների, մի շարք բժիշկների ու դեղատնատերերի դժգոհությունը: Երկու հասարակական կազմակերպություններ հայտարարել էին, որ փուլային վաճառքի ընթացակարգն ապօրինի է, քանի որ դրա համար իրավական հիմքեր գոյություն չունեն։
Այս փաստը ընդունել էր նաև Առողջապահության նախարարը՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, թե փուլային անցման ծրագիրը Կառավարությունը կհաստատի ավելի ուշ, ինչն ըստ էության այսօր տեղի ունեցավ։
Վարչապետ կարեն Կարապետյանն այսօր Առողջապահության փոխնախարարին հորդորեց ավելի ուշադիր լինել դեղատոմսերի դուրս գրման ընթացակարգի նկատմամբ․ - «Ինֆորմացիա կա, որ արդեն էդ դեղատոմսերը դեղատների դեմը գրում-տալիս են: Եվ դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա դա»:
Հավելենք նաև, որ որոշումը հոկտեմբերի 1-ց ամբողջապես ուժի մեջ մտտնելուց հետո դեղատոմսերով կվաճառվեն ավելի քան 2500 դեղեր։