Զարուհի Փոստանջյանը հակադարձում է Սաթիկ Սեյրանյանին

Զարուհի Փոստանջյանն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում հակադարձելով Սաթիկ Սեյրանյանին հայտարարեց՝ «ես եղել եմ իմ լիազորությունների մեջ»։

«Ես որպես ավագանու անդամ գտնվել եմ իմ աշխատավայրում, և ունենալով լիազորություններ՝ վերահսկողություն իրականացնելու, եղել եմ իմ լիազորությունների մեջ, հետևաբար ես չէի կարող խախտել որևիցե կարգ», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հակադարձելով Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի այն հայտարարությանը, թե փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում ոչ թե լրագրողներն են կարգ խախտել, այլ Զարուհի Փոստանջյանն ու քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարն այսօր ասաց՝ Սեյրանյանը չգիտի, թե օրենքներն ինչ են նախատեսում։ «Ես նորից պետք է կրկնեմ՝ քաղաքապետարանն իմ աշխատավայրն է, ես ունեմ վերահսկողական լիազորություններ և իմ լիազորությունների ներքո գործել եմ», - ասաց Փոստանջյանը։

Սեյրանյանն «Ազատության» հետ զրույցում մասնավորապես ասել էր. - «Լրագրողներն այդ օրը օրենք չեն խախտել, օրենքն առաջին հերթին խախտել է «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ապա քաղաքապետարանի լրատվական վարչությունը։ Այս դեպքում «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարը պետք է գնար իր սենյակ, նա իրավունք չուներ շրջելու։ Այդ կարգը պետք է իմանային լրատվական վարչությունն ու Զարուհի Փոստանջյանը»։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Ոստիկանությունը տեղի ունեցած միջադեպով քրեական գործ հարուցեց 2 հոդվածով՝ ծեծ և խուլիգանություն:

Հիշեցնենք նաև, որ այդ միջադեպից օրեր անց քաղաքապետարանում խոչընդոտեցին «Ազատության» և «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը՝ պնդելով, թե կարգ է խախտվել:

Նուն օրը Փոստանջյանը դիմեց Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանին՝ շեշտելով, որ քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպով քրեական գործը պետք է հարուցվեր բոլորովին այլ հատկանիշներով:

Մասնավորապես՝ «ծեծի» և «խուլիագնության» հոդվածների փոխարեն, պետք է քրեական գործ հարուցվեր «իշխանության ներկայայցուցչի նկատմամբ բռնություն գորադրելու», «իրավահավասարությունը խախտելու», «կուսակցության գործունեությունը խոչընդոտելու», ինչպես նաև Տարոն Մարգարյանի կողմից իր պաշտոնական դիրքը չարաշահելու հոդվածներով:

Դիմում-բողոքի մեջ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը նաև լրագրողների հետ տեղի ունեցածին անդրադարձավ՝ նկատելով․ - «Փետրվարի 19-ին կրկին խոչընդոտվել է «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը, արգելվել է «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը խմբակցության աշխատասենյակ»:

Այսօր «Ազատության» հարցին, թե գործից որևէ նորություն կա՞, խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Մարինա Խաչատրյանին որպես տուժող հրավիրել են Քննչական կոմիտե, որը զբաղվում է այս գործի նախաքննությամբ, վաղը տիկին Խաչատրյանը հավանաբար կգնա հարցաքննության և այդտեղից կունենանք որոշ տվյալներ, թե որ փուլում է գտնվում քրեական գործը։ Բայց միանշանակ է, պնդելու ենք, որ գործը պետք է ընթանա հետևյալ քննության պայմաններում՝ պետք է նախաքննություն տեղի ունենա և լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու ենթատեքստում և նաև այլ հոդվածներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ճնշում գործադրելը, կուսակցության գործունեությունը խոչընդոտելը, պաշտոնական դիրքի չարաշահում և մի շարք այլ հոդվածներ»։

Փոստանջյանը պնդեց՝ մեղավորները պետք է կանչվեն պատասխանատվության. - «Իսկ գլխավոր մեղավորը՝ Տարոն Մարգարյանը, պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»։