Հյուսիսային Կորեայի առաջնորդը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների․ հարավկորեացի պաշտոնյաներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ընդունում է Հարավային Կորեայի պատվիրակությանը, Փհենյան, 6-ը մարտի, 2018թ․

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստ է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման հարցով: Այս մասին հայտնում են Հարավային Կորեայի պաշտոնյաները:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կիմ Չեն Ընը առաջին անգամ հանդիպել է հարավկորեական պատվիրակության հետ, որը Փհենյան է ժամանել նախօրեին: Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հանդիպման նպատակն էր փորձել երկխոսություն ստեղծել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը, իր հերթին, հանդիպման ընթացքում հայտարարել է, որ լի է «ամուր վճռականությամբ»՝ բարելավելու միջկորեական կապերը:

The New York Times-ի աղբյուրները նշում են, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպում կազմակերպել նախագահների մակարդակով: Նախնական տվյալներով՝ Կիմ Չեն Ընի և Մուն Ջե-ինի բանակցությունները տեղի կունենան ապրիլին: