2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, ապրիլի 9-ից հետո արդեն հայաստանը վերջնականապես անցում կկատարի խորհրդրանական համակարգի, և այժմ օրենսդրական այս ծավալուն փաթեթով սահմանվում է, թե ինչ կառուցվածք և այլ մարմինների հետ ինչ փոխհարաբերություններ պետք է ունենա գործադիրը:
Ապրիլի 9-ից հետո Հայաստանում մեկ փոխվարչապետի փոխարեն կլինեն երեք փոխվարչապետեր, որոնցից մեկը կկոչվի առաջին փոխվարչապետ: 18-ի փոխարեն 17 նախարարություն կգործի:
Նոր Կառավարության կազմում տեղ չի գտնի ներկայումս փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորած Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, որոնք այժմ Կառավարությանն առընթեր մարմիններ են, կտեղափոխվեն վարչապետի ենթակայության տակ: Վարչապետի ենթակայության տակ կհայտնվեն նաև պետական վերահսկողական ծառայությունը, որը կստեղծվի վերացվող Նախագահի վերահսկողական ծառայության փոխարեն, ինչպես նաեւ պետական պահպանության ծառայությունը։
Այս փոփոխությունները խիստ քննադատության ենթարկվեցին «Ելք» խմբակցության կողմից: Ընդդիմադիր պատգամավորները մտավախություն հայտնեցին, որ Հայաստանը գնում է դեպի սուպերվարչապետական պետություն:
«Չե՞ք կարծում արդյոք, որ սրանով սուպերվարչապետական, միահեծան ուժային համակարգ է ստեղծվում», - հարցրեց Արարատ Միրզոյանը («Ելք»):
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն արձագանքեց․ - «Նախ, ոչ բոլորն են դառնում վարչապետի ենթակա: Որոշ մարմիններ դառնում են նախարարության ենթակա՝ հենց այն պատճառով, որպեսզի լինի ակնհայտ, ընդգծված քաղաքական պատասխանատվություն այդ մարմնի գործունեության համար: Եվ երբ խոսում ենք պատասխանատվության մասին, ես կարծում եմ, խոսել սուպերվարչապետության մասին, սխալ է: Խոսքը վերաբերում է, հակառակը, շատ մեծ պատասխանատվության»:
«Ելք»-ից Գևորգ Գորգիսյանը կոչ արեց սթափվել, քանի ուշ չէ․ - «Ի վերջո, թույլ չտանք, որ մեր երկիրը վերադառնա կոմունիստական կառավարման մոդելին»:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասաց, թե փոփոխություններն ավելացնում են վարչապետի պատասխանատվությունը․ - «Եվ երբ որ մենք վարչապետին դարձնում ենք այս օրենքով պատասխանատու այդ երկու կառույցների գործունեության համար, մենք դրանով փորձում ենք քաղաքականաձերծենք այդ երկու մարմինները»:
Արարատ Միրզոյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով, որ կոլեգիալ մարմինը ևս կրում է պատասխանատվություն, սակայն կոլեգիալ մարմնի դեպքում ավելի փոքր է հավանականությունը, որ մեկ անձը իր շահերին կծառայեցնի ուժային կառույցները․ - «Մեխն էլ ա ձեր ձեռը, չագուչն էլ: Բայց մի օր կամ մեխը չջարդվի, կամ չագուչը»:
«Մեխն ու չագուչը ժողովրդի ձեռն ա», - հակադարձեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ):
Ըստ ընդդիմադիրների՝ վարչապետի ձեռքում իշխանության կենտրոնացման մասին է վկայում նաև օրինագծում Կառավարության նիստերը դռնփակ դարձնելու, անգամ պատգամավորին այդ նիստերին ներկա գտնվել թույլ չտալու և նախարարներին միայն վարչապետի թույլտվությամբ հարցազրույց տալու մասին կետերը:
«Չե՞ք կարծում, որ սրանով նախարարներին էլ ենք զրկում ինքնուրույնության որոշակի աստիճանից և դարձնում ընդամենը վարչապետի զինվորիկները: Սա ամբողջը՝ ծերից ծեր, վարչապետի միահեծան իշխանության ամրագրումն ա», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:
«Ի սեր Աստծո, մի ասեք, թե դա ժողովրդավարության համար է դռնփակ նիստը, կամ բանավեճ ապահովելու», - հավելեց Մանե Թանդիլյանը («Ելք»): - «Ոորվհետև այդ տրամաբանության ժողովրդավար ու ավելի բանավիճող Ազգային ժողով ունենալու համար եկեք փակենք նաև Ազգային ժողովի նիստերը»:
Գևորգ Կոստանյանը բերեց ժողովրդավարական երկրների և Եվրոպայի խորհդրի օրինակը․ - «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են: Ես չեմ կարծում, որ մենք Եվրոպայի խորհրդին կհանդգնենք մեղադրել քիչ ժողովրդավարական լինելու մեջ»:
Արարատ Միրզոյանը հակադարձեց, թե ժողովրդավարական երկրները կարող են իրենց թույլ տալ դռնփակ նիստեր անել, սակայն Հայաստանի պես երկրներում դա վտանգավոր է․ - «Մեր մոտ խոցելիության այնպիսի աստիճան կա, որ էդ Կառավարության նիստերը կարող են վերածվել վարչապետի և յուր անձնակազմի ոչ թե քննարկումների, այլ վերևից եկող իմպերատիվ հրամանների կատարման»:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց Գալուստ Սահակյանի հայտնի արտահայտություններից մեկը․ - «Դռնփակը դա թաքունը չի»: