Թրամփը կձգտի մայիսին ներկա գտնվել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Վաշինգտոն, 5-ը մարտի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջիկայում Իսրայել այցելելու հավանականության մասին: Այցը, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, կարող է տեղի ունենալ առաջիկա մայիսին՝ Երուսաղեմում ԱՄՆ նոր դեսպանատան բացման արարողության կապակցությամբ: Երեկ Վաշինգտոնում գտնվող Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Թրամփը վստահեցրել է, թե ձգտելու է ներկա գտնվել այդ միջոցառմանը:

Նեթանյահուն ի պատասխան հայտարարել է, թե դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ նախագահի որոշումը «դարեր շարունակ» կմնա Իսրայելի ժողովրդի հիշողության մեջ:

Թրամփի անցյալ տարեվերջի այդ որոշումը, հիշեցնենք, բողոքի մեծ ալիք է բարձրացրել ինչպես Վաշինգտոնի ընդդիմախոսների, այնպես էլ դաշնակիցների շրջանում: