ԱԱԾ․ Բացահայտվել է պաշտոնական փաստաթղթեր կեղծող ու իրացնող խումբ

ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Մասնավորապես, ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել և համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով Հայաստանում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։

Բացի այդ, նույն եղանակով կեղծվել և Հայաստանի ու օտարերկրյա պետությունների մի շարք քաղաքացիներին իրացվել են ՀՀ վարորդական վկայականներ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող՝ ծննդյան, ամուսնության, կրթության, բնակության վայրի և ավտոմեքենայի հաշվառման, ինչպես նաև այլ նմուշների կեղծ փաստաթղթեր, որոնք այնուհետև օգտագործվել են ՀՀ ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար, ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները և ձևաթղթերը, ինչպես նաև տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ Հայաստանի և օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ։

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին և 2-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։

Նախաքննությունը շարունակվում է։