ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց վարչապետի լիազորությունն ընդլայնող օրինագծին

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեցին և դրական եզրակացություն ստացան վարչապետի դերակատարությունը զգալիորեն մեծացնող օրենսդրական նախաձեռնություններ:

Դրանցից մեկով Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը անցնում են վարչապետի ենթակայության տակ:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի (ՀՀԿ) խոսքով՝ օրենսդրական այս փոփոխությունները միտված չեն սուպերվարչապետությանը․ - «Շատ ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերները սրան վերաբերում են նրան, որ դարձնում ենք սուպերվարչապետություն, կամ այլ բնութագրեր են տալիս: Իրականում ստեղ խնդիրը նրանումն ա, որ մենք դարձնում ենք վարչապետին ավելի պատասխանատու: Երբ որ մենք սուբյեկտիվ տալիս ենք որևէ իրավունք, ոչ թե ուզում ենք ուժեղացնել էդ սուբյեկտին, այս մենք էդ սուբյեկտին ավելի պատասխանատու սուբյեկտ ենք դարձնում: Եվ այսօր վարչապետը այս օրենքի ընդունումից հետո արդեն ուղղակի պատասխանատվություն է կրում և՛ Ոստիկանության, և՛ Ազգային անվտանգության [ծառայության] համար: Եվ մենք փաստորեն խոսում ենք պատասխանատու վարչապետի կարգավիճակ ստեղծելու մասին»:

Առաջարկվող մյուս փոփոխությամբ նախագահը արդեն չի կարող սեփական հայեցողությամբ պետական պարգևներ, շքանշաններ և մեդալներ շնորհել: Նա միայն կարող է հաստատել ներկայացված միջնորդությունները: Միջնորդություն կարող են ներկայացնել վարչաեպետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

Սակայն եթե վերջին երեքը միայն իրենց ոլորտին վերաբերող պարգևների հարցով կարող են դիմել, վարչապետը իրավասու է միջնորդություն ներկայացնել բոլոր պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ այս փոփոխությունները բխում են նոր սահմանադրության պահանջներից․ - «Սահմանադրությունը ուղղակիորեն նախատեսել է, որ նախագահը պետք է դա անի առաջարկության հիման վրա»:

Իսկ ի՞նչ լծակներ են մնում նախագահի ձեռքում:

«Երբ մենք խոսում ենք որևէ մեկի մասին և անվանում ենք այդ պաշտոնը պետության գլուխ, ինքնին այդ պաշտոնի առկայությունը արդեն ազդեցություն է: Սա այն է, ինչը քաղաքագիտության մեջ կոչվում է «փափուկ իշխանություն»: Եվ գաղափարը դրա դեռևս սկսվել է Հին Չինաստանից: Լաո Ցզին ասում էր, որ ջուրը ամենափափուկ մարմինն է, երբ նկարագրում էր «փափուկ իշխանությունը», բայց կարող է ոչնչացնել ամենակարծր իրերը: Մենք խոսում ենք իշխանության հենց նմանատիպ մոդելի մասին: Եվ Հանրապետության նախագահի պաշտոնը ինքնին արդեն բավարար ազդեցիկ է, որպեսզի նա կարողանա իր քաղաքական մոտեցումները, իր դիրքորոշումը հասցնել տեղ և ունենալ իր ազդեցությունը», - պարզաբանեց Հարությունյանը:

Պետական պարգևներին վերաբերող օրինագծի քննարկման ընթացքում բանավեճի հանգեցրեց այն հարցը, որ սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային հերոսի կոչումը մնացել է անորոշ վիճակում: Այն փաստացի որևէ կերպ չի տեղավորվում սահմանադրության ձևակերպումների մեջ: Եթե այժմ գործող օրենքում կա Ազգային հերոսի բարձրագույն կոչում, ապա արդեն ապրիլի 9-ից հետո բարձրագույն կոչումներ այլևս չեն լինի՝ պետական պարգևները կլինեն միայն շքանշանների և մեդալների տեսքով: Կլինեն նաև պատվավոր կոչումներ, օրինակ՝ «ժողովրդական արտիստ» կամ «վաստակավոր նկարիչ», որոնք պետական պարգևի կարգավիճակ չունեն:

Ուստի, ըստ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, Ազգային հերոսը չի կարող պատվավոր կոչումների շարքում սահմանվել։

Կառավարության առաջարկած լուծումը հետևյալն է՝ «Հայրենիքի» շքանշան ստացողին համարել Ազգային հերոս․ - «Այսօր, քանի որ բարձրագույնը ընտրված չի, իսկ մենք չենք ուզում Հերոսին դիտել նույն շարքում, ինչ ժողովրդական արտիստը, վաստակավոր բժիշկը և այլն, դա է պատճառը, որ մենք գնացել ենք այլ լիազորություն օգտագործելով, շնորհում ենք շքանշաններ, մեդալներ, և դրանից ենք բխեցնում այդ բարձրագույն կոչումը»:

Այս առաջարկը բուռն բանավեճի հանգեցրեց հանձնաժողովում։ Արտակ Զեյնալյանը («Ելք») ասաց՝ Ազգային հերոսին պետք է տրվի շքանշան, այլ ոչ թե շքանշան ստացողը պետք է դառնա Ազգային հերոս․ - «Գուցե պետք է հակառա՞կն ասել՝ Ազգային հերոսը պարգևատրվում է էսպիսի շքանշանով․․․ Որովհետև էստեղ կարևորը Ազգային հերոս լինելն է, քան, ասենք, շքանշանը համարվում է Ազգային հերոս»:

Դավիթ Հարությունյանը համաձայնեց, որ խնդիր կա, սակայն հանձնաժողովի անդամների արած առաջարկներից ոչ մեկը չընդունեց․ - «Ձեր ասածի մեջ տրամաբանությունը տեսնում եմ: Դեռևս չեմ տեսնում իդեալական լուծումը»:

Ընդհանուր հայտարարի գալու համար հանձնաժողովում անգամ ընդմիջում հայտարարեցին: Ի վերջո համաձայնեցին օրինագիծը փոփոխությունների ենթարկել առաջին ընթերցումից հետո: