Ռուսներից շատերը Ստալինին սիրում են նրա մահվանից 65 տարի անց

Ստալինի ծննդյան օրվա նվիրված հանդիսավոր միջոցառում, Սևաստոպոլ, Ղրիմ, 16 դեկտեմբերի, 2017թ.

Այսօր Ստալինի մահվան 65-ամյակն է. այդքան տարիներ անց այսօրվա Ռուսաստանում շատերը կարոտախտով են խոսում բռնապետի մասին:

Հանճարեղ առաջնորդ, հանճարեղ զորավար, հանճարեղ կոմբայնավար, ուսուչիչ, լեզվաբան, մարդ, որի մասին խոսելիս կայսրության հպատակը կարող էր միայն «հանճարեղ» ածականն օգտագործել, քանի որ դրանից փոքր-ինչ ավելի թույլ գնահատականի համար կարող էր աքսորվել անծայրածիր երկրի մի այնպիսի շրջան, որտեղ նույնիսկ ամռանը զրոյից ցածր 15 աստիճան է:

Զարմանալի բան է. միլիոնավոր գնդակահարվածներ, տասնյալ միլիոնավոր բանտարկյալներ, խեղված ճակատագրեր, սակայն, արի ու տես, այսօր` բռնապետի մահվանից վեց և կես տասնամյակ անց թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներից, թե՛ շարքային քաղաքացիներից շատերը հիացմունքով են խոսում Ստալինի մասին:

Նրանք նշում են ակնածանքի երեք հիմնական պատճառ՝ Ստալինի առաջնորդությամբ Խորհրդային Միությունը հաղթել է նացիստներին, նրա ղեկավարության օրոք կարգ ու կանոն էր, նրա օրոք աշխարհը մեզ հարգում էր, մեզանից վախենում էր:

Եվ այդ մոտեցումը տարբեր եղանակներով, ով լռելյայն, ով բացահայտ, այսօր դրսևորում են հենց Կրեմլում: Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հայտնի հարցազրույցների շարքում նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «Ստալինի կերպարի անհարկի դեմոնիզացիան Խորհրդային Միության և Ռուսաստանի վրա հարձակման յուրօրինակ ձև է»:

Սոցիոլոգների հետազոտությունների համաձայն, 18-24 տարեկան ռուսաստանցիների 25 տոկոսը պատկերացում չունի ստալինյան ռեժիմի կազմակերպած բռնաճնշումների մասին: Ռուսաստանցիների մոտ 90 տոկոսը տեղյակ է, որ եղել են տհաճ երևույթներ, բայց այդ մարդկանց 43 տոկոսը համոզված է, որ բռնաճնշումները Ստալինին անհրաժեշտ էին երկրում օրենքի գերակայությունn ապահովելու և թշնամիների դեմ պայքարում հզոր լինելու համար:

«Լևադա» կենտրոնն անցյալ տարի անցկացրել է հարցում՝ մոլորակի ամենահռչակավոր մարդկանց ցուցակը կազմելու համար: Ըստ ռուսաստանցիների, առաջին տեղում Ստալինն է, երկրորդը Պուտինն է, երրորդը Պետրոս Առաջինը, ցուցակում են Լենինը, Գագարինը, Ժուկովը: Ոչ ռուսներից այց ցանկում տեղ գտնելու պատվին են արժանացել Նյութոնը և Էյնշտեյնը:

Հիմա կամաց-կամաց առաջ են տանում Վոլգոգրադին «Ստալինգրադ» անունը վերադարձնելու գաղափարը: Ինքը Պուտինն ասել է. - «Ես չեմ փոխել այդ քաղաքի անունը, դա բնակիչների հարցն է, թող հանրաքվե անցկացնեն, որոշեն, ինչպես կցանկանեն, այդպես էլ կարվի»:

«Նովայա գազետա»-ն նշում է, որ նման բան չի ասվել նույնիսկ 1960-80 թվականներին Բրեժևի, Անդրոպովի և Չերնենկոյի օրոք:

Ժամանակակից Գերմանիայում երեխաներին տանում են նախկին համակենտրոնացման ճամբարներ, ցույց են տալիս այդ սարսափը և բացատրում. - «Երեխաներ, իմացեք՝ այս հանցագործությունները կատարել են մեր պապերը և նախապապերը»:

Ժամանակակից Ռուսաստանում ի պաշտոնե խոստովանում են, որ Ստալինի կուռքի պաշտամունքի տարիներին եղել են օրինազանցություններ, բայց գերադասում են շատ չխորանալ, շրջանցել թեման:

Եվ դրա արդյունքում այսօր շատերը բացահայտ գովաբանում են սովետական դահիճներին, իսկ բռնաճնշումների մասին նյութերն անվանում են կեղծիք և զրպարտություն, որի կազմակերպիչները Արևմուտքի հրահանգը կատարող դավաճաններ են:

Անցյալ տարի անցկացվել է հետաքրքիր ևս մեկ հարցում՝ «Արդյո՞ք պետք են Ստալինին գովաբանող հուշամեդալներ, արձաններ, կտավներ, կիսանդրիներ, ֆիլմեր»:

18-24 տարեկանների 77 տոկոսն ասել է՝ «այո»...