Գյումրեցի ատամնաբույժները բողոքում են վաղվանից ուժի մեջ մտնող կարգի դեմ

Ատամնաբույժի կաբինետ, արխիվ

Վաղվանից ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը, որի համաձայն` ստոմատոլոգիական ծառայություն մատուցողները պետք է պարտադիր գրանցվեն armed.am կայքում ու այնտեղ գրանցեն բոլոր այցելուներին, այլապես ծառայություն մատուցել չեն կարողանա:

Գյումրեցի մի քանի տասնյակ ատամնաբույժներ այսօր եկել էին Շիրակի մարզպետարան՝ փոխանցելու կառավարությանն ուղղված իրենց դիմում-բողոքը։ Ատամնաբույժները պնդում են, որ այդ որոշմամբ Սահմանադրությունն է խախտվում, բացի այդ` լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելանում, որն էլ կհանգեցնի ծառայության գների բարձրացման:

«Նախ, էս համակարգը եթե կիրառվելու է, թող կիրառվի ճիշտ մշակված տարբերակով: Այս տարբերակով ոնց որ մշակված է, լիքը դրույթներ են խախտվում Սահմանադրության և օրենքի, ինչը հանգեցնելու է շատ վատ հետևանքների՝ և՛ մեզ համար, և՛ ազգաբնակչության համար», - ասաց ատամնաբույժներից մեկը՝ մանրամասնելով․ - «Մեկը՝ անձի մասին տեղեկատվության գաղտնիությունը չի ապահովվում, այսինքն՝ բուժքույրը, որը լոգին և պարոլ ունի այդ համակարգին կպնելու համար, ինքը կարա ցանկացածին տեղեկություն, սենց ասած, հեչ որ չէ՝ վաճառի: Հիմա կասեն՝ դա օրենքով պատասխանատվության ենթարկվող է, բայց դա պետք է գտնեն, որ կարողանան պատասխանատվության ենթարկել»:

«Չհաշված, որ համակարգը հում է, ոչ ոք ծանոթ չի էդ համակարգին, ու միանգամից շատ սեղմ ժամկետներում պարտադրում են, որ մարդիկ միանան: Չհաշված, որ եթե չկա ինտերնետ կապ, մարդը չի կարող ուղղակի հիվանդ ընդունել», - շարունակեց նա:

«Օնլայն ծրագիր է՝ ինչ-որ մի «Արմեդ» ֆիրմայի կողմից կազմակերպված, պարզ չի, թե ինչքանով է ապահովագրված, ինչ հիմունքներով է այդ ամեն ինչը արվում: Հում ծրագիր է շատ, մի տարի փորձարկել են պետպատվերի վրա, մի փոքր շտկումներ են փորձել կատարել: Նախարարությունից ոչ մի ինֆորմացիա չի եկել, իսկ էդ «Արմեդ» կազմակերպությունից նույնիսկ որոշ բժիշկների զանգել են, ահաբեկել են, թե լիցենզիայից կզրկեն, կամ ինչ-որ տույժ ու տուգանք, եթե էդ համակարգի մեջ չմտնեն և չկիրառվի, երբ որ էդ «Արմեդ»-ը մեր հետ ոչ մի առնչություն չունի: Թե էդ «Արմեդ»-ը ով է, ոնց կարող է էդ ամեն ինչը անել, ինչ իրավունքով է մեզ զանգում ու ահաբեկում, էդ հլը հարցի մյուս կողմն է», - ասաց մեկ այլ ատամնաբույժ՝ ի պատասխան «Ազատության» հարցի հավելելով․ - «Ինձ անձամբ չեն զանգել, բայց իմ ընկերներին զանգահարել են»: Նա համոզմունք հայտնեց, որ սա «անպայման հանգեցնելու է գնաճի»:

Շիրակի մարզպետի տեղակալն ընդունեց ատամնաբույժներին, լսեց, շատ հարցերում նրանց հետ համաձայնեց, միևնույն ժամանակ ասաց, որ խնդրի լուծումը իրենց իրավասության ներքո չէ։

Ատամնաբույժների դիմում-բողոքը կփոխանցվի կառավարությանը։