Հայաստանում հայտնաբերված՝ հետախուզվող ԱՄՆ քաղաքացին հանձնվել է Միացյալ Նահանգներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Միացյալ Նահանգների կողմից հետախուզվող անձի արագ հայտնաբերումը, ձերբակալումն ու հանձնումը հնարավոր է եղել ապահովել Հայաստանի գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում: Այս առնչությամբ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդես են եկել հայտարարությամբ:

ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Ինտերպոլի ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017 թվականի դեկտեմբերին՝ Երևանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու համար։ Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով Հայաստան, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների և ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է: ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ Մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։

«Միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք հաճախ լուրջ սպառնալիք են ներկայացնում հանրության անվտանգությանը», - ասել է Ռիչարդ Միլսը։ «Մենք գնահատում ենք ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ սերտ համագործակցությունը՝ անձին այդքան արագ հայտնաբերելու, ձերբակալելու և հանձնելու ուղղությամբ ցուցաբերված աջակցության հարցում», - ընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Իր հերթին, Արթուր Դավթյանը նշել է․ - «Բարձր ենք գնահատում ԱՄՆ իրավասու մարմինների հետ արդեն տասնամյակների պատմություն ունեցող մեր համագործակցությունը և դրա ապահովման գործում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործուն աջակցությունը»: «Համագործակցության այս օրինակը վառ ապացույցն է նրա, որ ժամանակն ու տարածությունը խոչընդոտ չեն կատարած հանցանքի համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կենսագործման համար, և հանցանք կատարած յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ, որտեղ էլ գտնվի, առերեսվելու է արդարադատությանը», - ասել է Հայաստանի գլխավոր դատախազը:

Հետախուզվողը կկանգնի ԱՄՆ դատարանի առաջ։