Եթե որևիցե մեկը էլի գտնի, որ մարդկանց պետք է հասցնի այդ վիճակին՝ տանի գիշերը նման լարված իրավիճակում սադրանքների ենթարկի ու ինքը գնա տունը պառկի, քնի, ապա պետք է գնահատական տալ նաև այդ մարդուն, գնահատական տալ նաև այն ոստիկաններին, որոնք իրենց մասնագիտությունը լավ չեն տիրապետում։ Այդ մասին «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց հանրապետական պատգամավոր, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանում «Մարտի 1»-ի թեմայով «Ելք» խմբակցության հրավիրած լսումերի ժամանակ ելույթ ունենալով՝ Նիկոյանը հարցեր էր ուղղել տասը տարի առաջ հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այդ շրջանում նախագահական ընտրությունների արդյունքներում պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանին պարտված թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։
«Ասում ենք՝ երկրորդ նախագահ ջան, Դուք հայտարարեցիք, մասնավորապես, որպես հիմնավորում արտակարգ դրություն հայտարարելու, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկաններին, բոլոր էդ փաստաթղթերից պարզեցինք՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկեցինք, որ ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց՝ պարո՛ն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան Ձեզ, որի հիման վրա Դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման վրա», - հայտարարել էր Նիկոյանը:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ այս ամենը երկրորդ նախագահի դեմ է ուղղված, Նիկոյանը պատասխանեց. - «Դա մամուլի հորինվածքն է՝ մամուլը մտածեց իր համար։ Ասել եմ բոլորի ներկայությամբ՝ դուք չեք սիրում կարդալ, դուք սիրում եք գրել, դուք սիրում եք եղունգից հոտ քաշել, եզրակացություններ անել, ինչ-որ մի սուտ հորինել և հավատալ այդ ստին, հետագայում հղումներ անել ձեր իսկ ստեղծած ստի վրա։ Պաշտոնական դիրքորոշումը երկրորդ նախագահի վերաբերյալ հանձնաժողովը տվել է հետևյալը, որ նրա գործողություններն ամբողջովին համապատասխանում են Սահմանադրությանն ու օրենքներին։ Սա պաշտոնական դիրքորոշում է, և հնչեցրել եմ այն մեկ հարցը, որը տասը տարի առաջ հնչեցրել եմ։ Երբ ես ասում էի առաջին նախագահին և երկրորդ նախագահին այն ժամանակ հնչած հարցերը, ինձ մեղադրում էին, որ «դուք մեղադրում եք միայն առաջին նախագահին», հիմա չգիտեմ ինչու փորձում են այլ ուղղությամբ տանել, ինձ համար հասկանալի է, թե ինչու է լրատվությունը փորձում այդպես անել, դա ձեր հնարքն է, ոչ թե իմ»։
Մեկ այլ հարցի, թե տեսնո՞ւմ է հնարավորություն, որ առաջին կամ երկրորդ նախագահին հարցաքննեն, Նիկոյանը պատասխանեց. - «Դա դատաիրավական մարմինների խնդիրն է, որևէ պառլամենտական հանձնաժողով կամ որևիցե նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողով չի կարող, իրավունք չունի ոչ պաշտոնատար անձանց հրավիրել, պարտադրել և նրանց հարցեր ուղղել, նրանք դրա իրավունքը չունեն, դա կարող են անել քննչական մարմինները, որոնք Սահմանադրությամբ ունեն այդ լիազորությունները, այդ հարցով դիմեք քննչական մարմիններին, ես ոչինչ չեմ կարող ասել»։
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: 2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն: