Ֆրանսիայի արտգործնախարարը այսօր ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ քննարկելու 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի ճակատագիրը և Սիրիայում արդեն 7 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը:
Ժան-Իվ Լը Դրիանը այցը նախապես ծրագրված էր հունվարին, սակայն հետաձգվեց՝ Իրանում ծագած բողոքի զանգվածային ակցիաների պատճառով:
Իսլամական հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ, Լը Դրիանի երկօրյա այցի ընթացքում նրան կընդունեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր՝ ներառյալ 2015-ի միջուկային համաձայնագրի իրականացման ընթացքը, որով Թեհրանը նկատելիորեն սահմանափակեց իր ակտիվությունը միջուկային բնագավառում՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: