Երևանի քաղաքապետարանը դիմել է Ասիական զարգացման բանկին՝ մայրաքաղաքի վերելակների անվտանգությունը բարձրացնելու խորհրդատվություն ստանալու համար։ ԱԶԲ Հայաստանի գրասենյակում ծրագրի ղեկավար Գոհար Մուսայելյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ դրամաշնորհը հաստատվել է, խորհրդատվական թիմն ուսումնասիրելու է վերելակների տեխնիկական վիճակը, հաշվարկելու է, թե դրանց արդիականացման համար որքան գումար է հարկավոր։
«Բանկը համաձայնել է ցուցաբերել այդ աջակցությունը և հաստատել է 225 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն: Դրանք գրանտային միջոցներ են», - նշեց Մուսայելյանը:
Երևանի բյուջեում գումար է նախատեսված միայն վերելակների պահպանման համար՝ մոտ 80 մլն դրամ։ Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը հիշեցնում է՝ բազմաբնակարան շենքերի վերելակները բաժնային սեփականություն են, քաղաքապետարանը դրանք սպասարկելու պարտավորություն չունի։
«Բայց, հաշվի առնելով կոնկրետ մեր բնակիչների վճարունակությունը, քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի գումարներ հատկացնում է պահպանման համար», - հավելեց Գևորգյանը:
Ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավարի կարծիքով, կառավարման կարգն է սխալ։ Դավիթ Խաժակյանի համոզմամբ, համատիրությունները վերելակ փոխելու բավարար միջոցներ չունեն․ - «Այն, որ ներկայումս վերելակների պահպանությունը դրված է հիմնականում համատիրությունների վրա, ըստ էության այնքան սխալ կարգավորում է, որ համատիրությունները այդ բեռը չեն կարող ստանձնել և կարողանում են միայն ընթացիկ վերանորոգումներ անել: Այսինքն՝ կա երկու խնդիր: Մեկը՝ ձեռք բերել նոր վերելակներ և տեղադրել դրանք, մյուսը՝ կառավարել այդ ամբողջ տնտեսությունը»:
Վերելակների վիճակին ծանոթանալու համար «Ազատությունը» շրջեց Երևանի ծայրամասերի բարձրահարկերով։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վերելակներից մեկը գործի դրվեց 8-րդ փորձից հետո միայն։
16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի մեծ մասում երկու վերելակներից միայն մեկն է գործում, այն էլ՝ ոչ միշտ։ Բնակիչների համար խնդիրը սովորական է դարձել։ Շատ վերելակներ վերջին տասնամյակում չեն նորոգվել, չնայած, որ դրա կարիքն ակնհայտորեն ունեն։
Ինչպե՞ս լուծել միլիոնավոր դոլարների ներդրում պահանջող խնդիրը։ Դավիթ Խաժակյանի կարծիքով, վերելակների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է միասնական օպերատոր, որը կարող է լինել մասնավոր հատվածից․ - «Պետք է ի վերջո լուծվի հետևյալ կերպ՝ քաղաքապետարանը կատարի մեծ ներդրում՝ ամբողջությամբ մոդեռնիզացնի վերելակները, նորերը տեղադրի, և դրանց կառավարումը, ընթացիկ սպասարկումը տա մասնավոր ընկերությանը, որը իր ստացած գումարից՝ քաղաքապետարանից տրվող գումարից, կկարողանա այդ շահագործումն իրականացնել: Նույնը հիմա աղբահանության ոլորտում է: Գումարները հարյուր տոկոսով չեն հավաքագրվում, բայց քաղաքապետարանը, ըստ էության, սուբսիդավորում է չհավաքագրված գումարի մի մասը»:
Մասնավոր հատվածի ներգրավման մասին շեշտեց նաև քաղաքապետարանի ներկայացուցիչը: - «Եթե իրենք առաջարկեն կառավարման ինչ֊որ ձևաչափ մասնավորի կողմից, բնականաբար դա չի կարող հանձնվել որպես սեփականություն, այլ կառավարում», - ասաց Արթուր Գևորգյանը:
ԱԶԲ ներկայացուցիչ Գոհար Մուսայելյանը նշեց՝ այս պահին խորհրդատվության ընկերության ընտրության փուլում են։ Ապրիլին կսկսեն բուն ուսումնասիրությունները։
«Հուլիս ամսվա վերջին մենք արդեն կունենանք իրենց հաշվետվությունը», - հավելեց ԱԶԲ ներկայացուցիչը:
Ի դեպ, Երևանի զարգացման 5-ամյա ծրագրում նախատեսվում է ամբողջովին արդիականացնել մայրաքաղաքի վերելակները: Որտեղի՞ց են հատկացվելու դրա համար անհրաժեշտ միլիոնավոր դոլարները, ծրագրում խոսք չկա։