Ապարանին միացած համայնքների բնակիչները դրական փոփոխություններ դեռ չեն նկատում

Նոյեմբերին Ապարանին միացած ու մեկ խոշոր փունջ դարձած գյուղերի բնակիչներն ասում են՝ լրագրողների վաղուց էին սպասում, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն։ Միավորումից հետո դրական փոփոխություններ դեռ չեն նկատում, միայն տեսնում են, թե ինչպես են դատարկված գյուղապետարաննեը ժամանցի վայրերի վերածվում։ Այստեղ հավաքվում են թղթախաղ ու շաշկի խաղալու համար։ 20 գյուղերից ամենամեծի՝ Արագածի բնակիչներն ասում են՝ ի սկզբանե դեմ են եղել միավորմանը ու իրենց մտավախությունների մասին անցած տարի հայտնել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:

«Դավիթ Լոքյանը խոստացավ, թե՝ առաջվանից լավ կլինի, ամբողջ ձեր բյուջեն էլ ա մնում, ձեր աշխատողներն էլ են մնում: Դավիթ Լոքյանն էլ, Արծվիկ Մինասյանն էլ խոստացան՝ վառելափայտ, ամեն ինչով բավարարենք», - պատմում էին գյուղացիները:

Արագածցիները նկատում են՝ խոստումներից և ոչ մեկը դեռ իրականություն չի դարձել, փոխարենը կրճատվել են ոչ միայն գյուղապետարանի, այլև մանկապարտեզի ու արվեստի դպրոցի աշխատողները։ Ասում են՝ մինչև միավորումը իրենց գյուղը Ապարան քաղաքից ավելի զարգացած էր։ Հիմա, սակայն, հակառակն է տեղի ունենում։

«Ստիպեցին՝ խեղդին, սպանելով բոլորին աշխատանքից ազատեցին, 46 աշխատողներից կրճատին, թողին 3 հոգու», - դժգոհում էին նրանք: ֊ «Մեր գյուղը շրջկենտրոնից ավելի զարգացած, ուներ իր սեփական թրթուրավոր տրակտորը, բուլդոզերը, էքսկավատորը: Հիմա ասում է՝ ո՛չ, դու պիտի վճարես, անես»:

Գյուղացիների խոսքով՝ խոշորացումից հետո Արագածը լքողների թիվն ավելացել է։ Աշխատանքը կորցրածների մի մասն արդեն հեռացել է Հայաստանից։ Մոտավորապես հաշվել են, թե խորհրդային տարիների մեծ ու հարուստ գյուղի դռներից քանիսն են արդեն կողպված։

Նախկնում Մուլքի հետո արդեն Կայք վերանվանված գյուղում ևս մտահոգված են։ Մանկապարտեզը փակվել է ու ծնողներից շատերը չգիտեն, թե երեխաներին ինչպես են Ապարանի մանկապարտեզ ուղարկելու։ Համոզված են՝ խոշորացման արդյունքում Ապարանը կզարգանա, իսկ իրենք վատ վիճակում կհայտնվեն։

«Անհեթեթություն արեցին, որովհետև էդ խոշորացումը իրան երբեք չի արդարացրել», - ասում էին գյուղացիները:

20 գյուղերից Չքնաղում էլ ասում են՝ նոյեմբերից հետո իրենց կյանքում ոչինչ չի փոխվել։ Աշխատում ու ապրում են այնպես ինչպես նախկինում:

«Էն վախտ որ, ասենք, համայնքապետն էր, ի՞նչ էր արել իմ համար», - հարցնում էր մեր զրուցակիցներից մեկը: - «Մկա էլ, ասենք, թե էդ խոշորացումը՝ ի՞նչ ա արել: Ես իմ տնտեսությունն ունեմ, հարկերը նորմալ կմուծեմ, ի՞նչ կուզեն ըլնեն դրանք, ընձի պե՞տք են»:

Նախորդ տարվա նոյեմբերին 328 համայնքների միավորումից հետո 34 փունջ ձևավորվեց։ 2016-ին էլ 140 գյուղեր էին միավորվել՝ ձևավորելով 18 համայնք: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը բազմիցս է հայտարարել՝ համայնքների խոշորացումը կառավարման արդյունավետ ձև է և մարզերում լուրջ փոփոխությունների կհանգեցնի: