Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Վարպետի ծննդյան օրը՝ փետրվարի 28-ին, ուշագրավ նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ թանգարանի այցելուները հնարավորություն ունեցան դիտել դեռ 53 տարի առաջ Լայերտ Վաղարշյանի նկարահանած «Սարյանի ծաղիկները» փաստավավերագրական ֆիլմը, որի ընթացքում հանդիսատեսը ներկա է գտնվում սարյանական արվեստի արարմանը:
Թանգարանի այցելուները նաև հնարավորություն ունեին տեսնել ֆիլմի ընթացքում Սարյանի ձեռքով նկարված ծաղիկները՝ շնորհիվ ռուս կոլեկցիոներ Միխայիլ Նոսովի, որը շատ պատահաբար տարիներ առաջ այդ ստեղծագործությունը գնել էր Շվեդիայում տեղի ունեցող մի աճուրդի ժամանակ:
«Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Նոսովը ընդգծում էր, որ ինքը մշտապես հիացել է Սարյանի այդ ստեղծագործությամբ և իր համար մեծ անակնկալ է եղել Սարյանի այդ աշխատանքը տեսնել Շվեդիայի աճուրդում, որտեղից էլ անմիջապես ձեռք է բերել այն:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, արվեստաբան Ռուզան Սարյանն էլ մեզ հետ զրույցում շեշտում էր որ արվեստի գործերի ռուս հայտնի այս կոլեկցիոները մեծ սիրով է արձագանքել այդ ստեղծագործությունը Վարպետի ծննդյան օրը թանգարանում ցուցադրելու առաջարկին:
«Նոսովը բերել է Սարյանի նկարը՝ նկարված ապակու վրա: Դա հատուկ արված էր ֆիլմի համար: Ֆիլմի մեջ ամեն մի վրձնահարված ֆիքսված է, որովհետև կամերան դրված էր ապագու հակառակ կողմից», - պատմեց Ռուզան Սարյանը:
Ցավոք, ֆիլմը ցուցադրվեց ռուսերեն տարբերակով, որովհետև, ինչպես շեշտում էր Ռուզան Սարյանը, ֆիլմը թվայնացված չէ և հասանելի չէ ցուցադրման համար: - «Հայերենը, որտեղ հնչում է Խորեն Աբրահամյանի ձայնը, որի՝ Իլյա Օրենբուրգի գրած տեքստը թարգմանել է Պարույր Սևակը, այդ ֆիլմը Հայաստանում է, բայց ոչ այդ ֆիլմը չի տեսնում: Մեր կինոարխիվում է, ընդամենը պետք է դա թվայնացնել, վերականգնել և ցուցադրել»:
Ռուզան Սարյանը հուսով է, որ մայիսից հետո հասանելի կդառնա նաև հայերեն տարբերակը: