Պուտինը հերքել է Սառը պատերազմի վերսկսման մասին պնդումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է Սառը պատերազմի վերսկսման մասին պնդումները, ասելով, որ սառը պատերազմի մասին հրապարակումները ոչ թե վերլուծություն են, այլ պրոպագանդա:

Ամերիկյան հեռուստաընկերությունը երեկ մի հատված է միայն հրապարակել այդ հարցազրույցից: Ամբողջովին այն հասանելի կլինի առաջիկա օրերին:

Հարցազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի՝ Դաշնային խորհրդին ուղղված աննախադեպ ուղերձից անմիջապես հետո և հրապարակված հատվածը վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին:

Անդրադառնալով սպառազինությունների մրցավազքին՝ Պուտինը հարցազրույցում պնդում է, թե առաջին քայլն արվել է Միացյալ Նահանգների կողմից 2002 թվականին, երբ Վաշինգտոնը որոշեց դուրս գալ հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից:

Պուտինը հարցազրույցում ընդգծում է նաև, որ Մոսկվան բազմիցս առաջարկել է Վաշինգտոնին համագործակցել:

Ամերիկացի լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք նորագույն սպառազինության այն նմուշները, որոնց մասին երեկ Պուտինը խոսել և ցուցադրել է շուրջ 43 րոպե, արդեն պատրաստ են: Պուտինը պատասխանել է, որ այդ սպառազինությունն արդեն անցել է փորձարկումները և դրանց մի մասն արդեն ռուսական բանակի զինանոցում է:

Հիշեցնենք՝ մարտի 1-ին Դաշնային խորհրդին իր ուղերձի զգալի հատվածը նվիրել է միջուկային նոր սպառազինության ներկայացմանը, այդ թվում նաև «Սարմատ» հրթիռային համակարգը:

Ռուսաստանցի մեկնաբանները նկատում են, որ Պուտինի երեկվա հայտարարությունները վկայում են սպառազինության նոր մրցավազքի մասին, ինչպես Սառը պատերազմի ժամանակ էր, և դժվար թե Ռուսաստանն իր համեստ բյուջեով կարողանա մրցել ԱՄՆ-ի հետ:

Ռուսաստանի նախագահ Անտոն Սիլուանովը երեկ լրագրողներին ասել էր, որ, իհարկե, այդ նոր սպառազինությունը նոր ծախսեր է պահանջում, սակայն բյուջեում դրանք նախատեսված են և Ռուսաստանը կարող է այդ ծախսերն իրեն թույլ տալ:

Երեկ Ռուսաստանի նախագահն իր ուղերձում նաև հայտարարել էր, որ առաջիկա 5-7 տարիներին Ռուսաստանը կհաղթահարի աղքատությունը: Պուտինի տվյալներով այսօր Ռուսաստանում աղքատ է 20 միլիոն մարդ, այսինքն երկրի 144 միլիոն բնակչության շուրջ 14 տոկոսը: Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր կրկնել է իր ղեկավարի խոսքերը, ասելով, որ Մոսկվան չի պատրաստվում մտնել նոր մրցավազքի մեջ: Պեսկովի խոսքով, երեկ ցուցադրված սպառազինությունը չի խախտում ռազմական հավասարակշռությունը, քանի որ հակառակ կողմը՝ այսինքն Միացյալ Նահանգները, նույնպես ունեն այդպիսի սպառազինություն, որը հասանելի չէ ռուսական պաշտպանական համակարգերի համար: - «Սա հենց այն է, ինչի մասին երեկ խոսել է նախագահը: Սա այն ռազմական հավասարակշռությունն է, որն անհրաժեշտ է խաղաղության համար: Ռուսաստանը մտադիր չէ մտնել սպառազինության մրցավազքի մեջ», - այսօր շեշտել է Դմիտրի Պեսկովը: