«Արմեն Սարգսյանը դե ֆակտո ընտրվեց իշխող մաֆիայի անդամ». Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը դե ֆակտո ընտրվեց ոչ թե Հայաստանի Հանրապետության նախագահ, այլ ընտրվեց «իշխող մաֆիայի անդամ», այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորը պնդեց՝ Արմեն Սարգսյանն այսուհետ լռության ուխտի մի անդամ է և չի փորձի ընդդիմանալ Հանրապետականին, քանի որ նա արդեն խոցելի է։

«Հայաստանի Սահմանադրությունն արգելում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլ երկրի քաղաքացի լինել։ Եթե 2002 թվականին Արմեն Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, ուրեմն ինքը հրաժարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Իմ խոսքից հետո նա ուներ եզրափակիչ խոսքի հնարավորություն և ինքը դա չհերքեց», - ասաց Փաշինյանը՝ նշելով՝ սրանով Արմեն Սարգսյանը խոցելի է դառնում իշխանության համար։

Դիտարկմանը, թե Սահմանադրության խախտումը կոպիտ հանցագործություն է և հարցին՝ եթե «Ելք»-ը պնդում է, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել, այստեղ պետական մասշտաբի հանցագործություն չկա՞, Փաշինյանը պատասխանեց. - «Ես արդեն ասացի չէ՞՝ մաֆիա, էդ միաֆիայի գոյությունն արդեն հանցագործություն է, հիմա մենք էս մաֆիայի հետ ո՞նց վարվենք։ Հարցը, որ կհետապնդենք, հարցը դա չի, անընդհատ կասենք՝ «էս հարցն ի՞նչ եղավ, պարոն Սարգսյան»։

Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթուղթը նաև լեգիտիմությունը հաստատելու պահանջ է։

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձը: Մինչդեռ «Հետք» պարբերականը հրապարակեց բրիտանական ընկերությունների ռեգիստրից վերցրած տվյալներ, համաձայն որոնց՝ Արմեն Սարգսյանը 2014 թվականին դեռ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Ընդդիմադիրները պահանջում են փաստաթուղթ հրապարակել, որը կապացուցի, որ Արմեն Սարգսյանը 2002 թվականից Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ։

Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ իր քաղաքացիության հետ կապված խնդիր չկա: «Հարցը որպես էդպիսին, որ դուք պրոբլեմ եք փնտրում, պրոբլեմ չկա։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին երբ ես ազատվեցի դեսպանի պաշտոնից, դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության համար Բրիտանիայում և ստացել եմ քաղաքացիություն 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ից», - ասել էր Սարգսյանը:

Փաշինյանն այսօր ասաց. - «Երեկ շատ ծանր օր էր ինձ համար, ես ինչ ասացի ամբիոնից 100 տոկոսով իրականություն է։ Ես Արմեն Սարգսյանի պատասխաններից հասկացա, որ ինքն այդտեղ պրոբլեմ ունի»։

Հարցազրույցն ամբողջությամն կարող եք դիտել այստեղ.