ՍԱՊԾ-ը կասեցրել է Բրազիլիայից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը

Արխիվային լուսանկար

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կասեցրել է Բրազիլիայից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում՝ կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին, այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման, ասված է ՍԱՊԾ հաղորդագրությունում:

Սահմանային վերահսկողության շրջանակում՝ 2018 թվականի փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են մի շարք այլ խախտումներ: Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, արձանագրվել են սննդամթերքի անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի անհամապատասխանություններ կամ դրանք թերի լինելու դեպքեր․ Արաբական Միացյալ Էմիրություններից՝ 240 կգ սոյայի սոուս, Ռուսաստանից՝ 77 կգ սագի միս, 5.3 տ քացախաթթու, 25.5 տ սննդամթերքի տեսականի, 6.2 տ չիպս և չորահաց, 525 կգ կաթնային խառնուրդ, 12 տ արևածաղկի ձեթ, 116 կգ ընկուզեղենի ալյուր, ԱՄՆ-ից՝ 128.5 կգ «Բիգ Ռեդ» մաստակ, Ուկրաինայից՝ 14.3 տ հրուշակեղենի տեսականի, 2.5 տ ալկոհոլային խմիչքներ, 18 տ գինու տեսականի, 20 տ տավարի տոտեր, 500 կգ կաթ պարունակող արտադրանք, Նիդերլանդներից և Ռուսաստանից՝ 1018 կգ պանրի տեսականի:

ԱՄՆ-ից 12 կգ «Բիգ Ռեդ» մաստակի ներկրումը կասեցվել է բեռի ժամկետանցության հիմքով, իսկ Ռուսաստանից 23 տ սոյայի ներկրումը՝ տնտեսվարողի հարկային մարմնում գրանցված չլինելու պատճառով:

Ֆրանսիայից 60 կգ սննդային հավելումների ներկրումը կասեցվել է, քանի որ բեռը պետական գրանցում չի ունեցել: