Կարեն Վարդանյան․ «Հայաստանում մենք գործ ունենք ապագայի կոնցեպտի բացակայության հետ»

Պետության կողմից պատշաճ աջակցություն չստանալու պատճառով՝ «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիաների նախագծի հեղինակները ստիպված օտարերկրյա շուկաներ մուտք գործելու փորձեր են անում:

«Կառավարության որոշմամբ 160 խմբակների համար մոտավորապես հատկացված է 120 միլիոն դրամ, որպես խմբակավարների համար աշխատավարձ: Բայց մենք դրանցից հետո լրացուցիչ 65 լաբորատորիա արդեն ստեղծել ենք: Հիմա այդ 65 լաբորատորիան մի մեծ բեռ է՝ մոտավորապես 60 միլիոն դրամ: Եթե մենք փորձենք մեր ուժերով սա անել, մենք ուղակի կսնանկանանք», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ԻՏՁՄ-ն հնդկական մի ընկերության հետ վերջերս կնքել է համագործակցության հուշագիր, որով հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում:

«Հայաստանում մենք գործ ունենք ապագայի կոնցեպտի բացակայության հետ: Չկա հայտարարված տեսլական, թե տարիներ անց մենք ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել», - ասում է Կարեն Վարդանյանը: - «Եթե հստակ լինի, որ 20-30 տարի հետո ուզում ենք տեսնենք տեխնոլոգիական երկիր, ապա «Արմաթ» լաբորատորիան ամբողջությամբ հենց հիմքում է կանգնում, բայց եթե մենք ասում ենք, որ մեր առաջնահերթությունը, օրինակ, տուրիզմն է կամ հանքարդյունաբերությունը, ապա «Արմաթը» ոչ մի կերպ չի կարող դիտարկվել»:

ԻՏՁՄ գործադիր տնօրենի գնահատմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը խոչընդոտվում է հենց պետության կողմից: Կարեն Վարդանյանի խոսքով՝ Կառավարությանը բազմաթիվ նամակներ է ուղարկել, խնդրելով մասնագիտական քննարկումներ անցկացնել, համագործակցության կամուրջներ ստեղծել Կառավարության և ՏՏ ոլորտի միջև, սակայն նամակներին անգամ պատասխան էլ չի ստացել: Պնդում է՝ կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք խոչընդոտում են «Արմաթ»-ի զարգացումը:

«Օրինակ՝ Երևանում պլանետարիում ստեղծելու փոխարեն, ներդրումներ կարելի է անել առավել կարևոր վայրերում», - ասում է Վարդանյանը՝ նկատի ունենալով Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հավանությանն արժանացած այն նախագիծը, համաձայն որի Երևանում ժամանակակից պլանետարիում կկառուցվի, որը, ըստ նախարարի կարևոր է միջավայր ստեղծելու առումով: - «Գալու են՝ աստղեր նայեն․․․ հիմա կարող ես ինտերնետը բացել՝ հազար բան կա, կարող ես դրանցով աստղեր նայել: Թող մեկը բացատրի՝ ինչու չի ֆինանսավորվում «Արմաթը», բայց ֆինանսավորվում է պլանետարիումը»:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որը գործում է անվճար հիմունքով, նախատեսված է տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված դպրոցականների համար: Երեխաներն այստեղ ռոբոտաշինություն են սովորում, խաղեր ստեղծում ու եռաչափ մոդելավորում անում:

Այսօր Հայաստանում գործում է 225 «Արմաթ» լաբորատորիա, որոնց մեծ մասը տեղակայված է սահմանամերձ գյուղերի դպրոցներում: Լաբորատորիաներում 5000-ից ավելի երեխա է սովորում: