Հայաստանը դադարեցնում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը

Պաշտոնավարման ժամկետի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Հարցը, նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, այսօր քննարկվել է Ազգային անվտանգության խորհուրդի նիստում և միաձայն հավանության արժանացել:

Սարգսյանը շեշտել է, որ Թուրքիան ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ չունեցող նախապայմաններ․ - «Անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որևէ քայլ չարեց արձանագրությունները վավերացնելու և ուժի մեջ մտնելու համար, այլև որևէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել»:

Երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում։ Արձանագրությունների ստորագրումից հետո, սակայն, պաշտոնական Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել՝ դրանց վավերացումը կապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:

Պաշտոնական Երևանը, մինչդեռ, հակադարձում էր՝ արձանագրություններում որևէ նախապայման նշված չէ:

«Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք որևէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, և որևէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու: Մենք փոքր պետություն ենք, չունենք ո՛չ հզոր ռազմական, ո՛չ տնտեսական ներուժ, բայց մենք անկախ պետություն ենք և գործելու ենք միայն ի շահ մեր պետության և մեր ժողովրդի», - այսօր ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է արտաքին գործերի նախարարին այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ համաձայնագրերով ստանձնած որևէ պարտավորություն, նրա խոսքով, Հայաստանի համար իրավական նշանակություն չի ունենա:

Հայաստանը, ասել է Սարգսյանը, իր մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է
արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

Սարգսյանի խոսքով՝ գործընթացը նախաձեռնելիս հայկական կողմը եզրակացրել էր, որ ցանկացած՝ դրական թե բացասական հանգուցալուծման դեպքում Հայաստանը կշահեր:

«Կստացվի հարաբերություններ հաստատել՝ դա կբխի երկու ժողովուրդների շահերից, չի ստացվի, ապա միջազգային հանրությունը միջև վերջ կհամոզվի, որ հարաբերությունների բացակայությունը պետք է փնտրել այլ տեղ, համենայնդեպս ոչ Հայաստանի գործելաոճում: Եվ կարծում եմ՝ մենք դրան ամբողջովին հասել ենք: Չկա մի միջազգային կառույց, չկա շատ թե քիչ միջազգային գործընթացներին մասնակցող որևէ պետություն, որն ունենա այլ կարծիք: Եվ այդ կարծիքը բազմաթիվ անգամ մենք լսել ենք հրապարակավ՝ թե գնդակը ում դաշտում է, թե ում պատճառով չեն վավերացվում այս արձանագրությունները», - ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ազգային անվտանգության խորհրդի նիստում այսօր համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է երկու ժողովուրդների շահերից․ - «Գիտեք, իհարկե, շահը ակնհայտ է, բայց միշտ վազել այդ շահի հետևից՝ հույս չունենալով, որ որևէ պարագայում կարող ես հասնել, այդ ընթացքում կարող ես շատ բան կորցնել: Ուստի, մենք պատրաստ կլինենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ: Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում՝ առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»։

Անցած տարի Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Անկարային հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: 2009-ին ստորագրված արձանագրությունները Սերժ Սարգսյանը 2010-ին ուղարկեց խորհրդարան՝ վավերացման: Արձանագրություններն ընդգրկվեցին Ազգային ժողովի մեծ օրակարգում, սակայն 5 տարի հետո Սարգսյանը դրանք ետ կանչեց՝ պատճառաբանելով, որ Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում, իսկ Թուրքիայի իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը, Անկարան աղավաղում է արձանագրությունների տառն ու ոգին և շարունակաբար նախապայմաններ է առաջ քաշում:

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի շուրջ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով 2009-ին իշխանական կոալիցիան լքած Դաշնակցությունը ողջունում է արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու Սարգսյանի որոշումը:

Կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյան․ - «Առ ոչինչ դարձնելը այդ արձանագրությունները ցույց է տալիս, որ Հայաստանը այնպես չէ, որ տարիներով պիտի սպասի տարիներ առաջ ինչ-որ պայմանների տակ ստորագրված արձանագրության հարցով: Սա չի նշանակում, որ Հայաստանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կողմ չէ: Ընդհակառակը, ցույց է տալիս, որ Հայաստանը, այսքան տարի սպասելով, այդ հարաբերություններին կողմ էր, ակնկալում էր, հույս ուներ, որ ինչ-որ բան կփոխվի Թուրքիայի կեցվածքի մեջ, բայց Թուրքիան չփոխեց»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Հայաստանը սկսեց պատվով և այս փուլը ևս ավարտում է պատվով․ - «Կարծում եմ, որ նախագահի հայտնի ելույթից հետևյալ մեջբերումը պետք է պահենք մտքում՝ եթե պետք է բանակցվի նոր փաստաթուղթ, ապա այն պետք է բանակցվի նոր պայմաններով: Եվ սա, կարծում եմ, այն ուղեգիծն է, որով Հայաստանը մոտակա տարիներին կարող է շարժվել, որդեգրել որպես քաղաքականություն Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման կամ հաստատման հարցում»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ հայկական կողմը հայ-թուրքական հաշտեցման գործընթացից «շահած դուրս չի գալիս»․ - «Ամբողջ այս հայ-թուրքական պրոտոկոլների պատմությունը ավանտյուրա էր, որը կառուցված էր Ռոբերտ Քոչարյանի, իսկ այնուհետև Սերժ Սարգսյանի կողմից ստրատեգիական սխալների վրա: Ըստ էության, դրա հետևանքը այն եղավ, որ Հայոց ցեղասպանությունը դարձավ քաղաքական մանր առևտրի առարկա, և ի վերջո հայերը դուրս եկան այդ խաղից չշահած»: